Ինքն իրեն հակասելով․ Փաշինյանը նախկինների անվտագությունը կպահպանի, իսկ իրենը կդնի վտանգի տակ

Ինքն իրեն հակասելով․ Փաշինյանը նախկինների անվտագությունը կպահպանի, իսկ իրենը կդնի վտանգի տակ

Պաշտոնավարման ժամկետը լրանալուց որոշ ժամանակ անց Հայաստանում թե՛ նախագահը, թե՛ վարչապետը կմնան առանց պետական պահպանության։ Այդ մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ 

Նշենք, որ մինչ այս պահը, ՀՀ օրենսդրության համաձայն՝ նախկին նախագահները պետք է ցմահ օգտվեին պետական պահպանության ծառայությունից, իսկ այժմ կառավարությունը բերել է օրենքի նախագիծ, ըստ որի՝ այդ ծառայությունը նախագահի դեպքում կգործի պաշտոնաթող լինելուց հետո ևս յոթ տարի, իսկ վարչապետի դեպքում՝ տասը տարի ժամկետով։ Կառավարության նիստի այսօրվա օրակարգում ներառված չզեկուցվող այս նախագծի մասին այդքանը հայտնեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ 

Նիկոլ Փաշիյանն էլ, արձագանքելով, նշեց, որ եթե անհրաժեշտություն լինի, ապա հետագայում էլի կերկարաձգվի ՀՀ նախկին առաջնորդներին տրամադրվող պետական պահպանության ծառայության ժամկետը։ Այո՛, ըստ նախագծի՝ գործող վարչապետն է որոշելու՝ ում դեպքում երկարաձգել պետական պահպանություն ունենալու ժամկետը, ում դեպքում՝ ոչ։ 

Այսպես, նախագիծը սահմանում է․ «Առաջարկվում է նախատեսել դրույթ, համաձայն որի՝ վերը նշված ժամկետների ավարտից հետո Հանրապետության պաշտոնաթող նախագահներին և վարչապետներին պետական պահպանություն հնարավոր կլինի տրամադրել վարչապետի որոշմամբ (օրինակ՝ կախված այն հանգամանքից, թե վերջիններս ինչ տեղեկատվության կրող են կամ արդյոք վերջիններիս կյանքին որևէ վտանգ է սպառնում):

Առաջարկվում է նախատեսել նաև իրավակարգավորումներ, որոնց պարագայում պաշտոնաթող Հանրապետության նախագահներին և վարչապետներին՝ օտարերկրյա պետություններում գտնվելու ժամանակ պետական պահպանություն կտրամադրվի մեկ տարվա ընթացքում օտարեկրյա պետություններ կատարվող ոչ ավելի, քան 20 օր ընդհանուր տևողությամբ այցերի ընթացքում»։ 

Իսկ ի՞նչ հիմքով է վարչապետը որոշելու՝ տվյալ պաշտոնաթող նախագահն ինչ տեղեկատվության կրող է, կամ արդյո՞ք նրա կյանքին վտանգ սպառնում է՝ հստակեցված չէ։ Այս ամենն, ըստ նախագծի, հնարավորություն կտա գումար խնայել ու բարելավել պետական պահպանության ծառայության համակարգը։

Օրենքի նախագիծն այսօր չզեկուցվող հարցերի փաթեթով միաձայն ընդունվեց։ Եթե ներկայացված նախագիծն, ըստ ընթացակարգի ընդունվի, այսպես թե այնպես չի ազդելու նախկին ղեկավարների վրա, քանի որ նախագծում նշված չէ, որ այն ունենալու է հետադարձ ուժ։ Այսինքն, որքան էլ զարմանալի թվա, Փաշինյանը խնայում է իր կողմից մշտապես խարազանված «նախկիններին» և կասկածի տակ դնում իր անվտանգությունը․ բերված նախագծի առաջին շահառուն, ըստ էության, հենց ինքը կլինի։ 

Նարե Գնունի