Հայաստան մատակարարվող գազի գինը հնարավոր է 10 տարվա կտրվածքով հաստատուն պահվի

Հայաստան մատակարարվող գազի գինը հնարավոր է 10 տարվա կտրվածքով հաստատուն պահվի

ՀՀ Կառավարությունն այսօրվա իր նիստում հաստատեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին 2013 թվականի դեկտեմբերի 2-ի՝ Համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը:

Որպես հաստատման նպատակահարմարություն նշվում է հետևյալը. Հայաստանը տարեկան 34,79 մլն ԱՄՆ դոլար գումար կվճարի “Գազպրոմ Արմենիա” ՓԲԸ-ին, որպես նրան պատկանող Հրազդանի 5-րդ էներգաբլոկի տարեկան հզորության վճար, որից՝ 31,79 մլն ԱՄՆ դոլար գումարը կապիտալ ներդրումների վերադարձի ապահովման համար, իսկ 3 մլն ԱՄՆ դոլար գումարը Հրազդանի 5-րդ էներգաբլոկի ընթացիկ շահագործման և սպասարկման ծախսերի փոխհատուցման ապահովման համար։ 

Հրազդանի 5-րդ էներգաբլոկի թերբեռնվածությունը մեծապես կախված է եղել առևտրային պայմանագրերի բացակայությամբ, ինչպես նաև Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցման ժամկետների ուշացմամբ։ Էներգաբլոկի ոչ լրիվ հզորությամբ աշխատելու հետևանքով  “Գազպրոմ” ՀԲԸ-ի կողմից կատարված ներդրումները ոչ միայն ետ չեն գնվել, այլև վարկային պարտավորություններն ավելացել են հասնելով շուրջ 100 մլն դոլարի։

Արձանագրությամբ սահմանված պայմանների իրագործումը կնպաստի Հրազդանի 5-րդ էներգաբլոկի  վերագործարկմանը, ինչպես նաև հնարավորություն կստեղծվի տասը տարվա կտրվածքով հաստատուն պահել Հայաստան մատակարարվող գազի գինը։

Բացի այդ Արձանագրությամբ նախատեսվում է “Երևանի ՋԷԿ”-ի “Գազպրոմ Արմենիա” ՓԲԸ-ին ունեցած շուրջ 30 մլն դոլար պարտավորությունների մարման հետ կապված հարցերի կարգավորումը։

Արձանագրությունը կազմվել և ստորագրվել է ռուսական կողմի հետ շուրջ 2 տարի տևած բանակցությունների արդյունքում։

Սույն Արձանագրությունը կնպաստի երկու երկրների միջև էներգետիկայի բնագավառում համագործակցության խորացմանը, տնտեսական զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, ինչպես նաև Հայաստանի էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացմանը:

Առաջնորդվելով «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի դրույթներով՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նպատակահարմար է գտնում  ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին 2013 թվականի դեկտեմբերի 2-ի Համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» Արձանագրության հաստատումը Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից: