Ավելի վատ կլիներ, եթե ստորագրեր․ Հրաչյա Արզումանյանը՝ ՀԱՊԿ գագաթնաժողովի մասին

Ավելի  վատ կլիներ, եթե ստորագրեր․ Հրաչյա Արզումանյանը՝ ՀԱՊԿ գագաթնաժողովի մասին

Որքան հնարավոր է շուտ պետք է դուրս գանք ՀԱՊԿ-ից և բոլոր այն քայլերը, որոնք ուղղված չեն սրան, անիմաստ է քննարկել։ Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԳ նախարարի նախկին խորհրդական Հրաչյա Արզումանյանը՝ խոսելով երեկ Երևանում տեղի ունեցած ՀԱՊԿ գագաթնաժողովի մասին։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է ստորագրել Հայաստանին օգնության մասին ՀԱՊԿ ՀԱԽ-ի հռչակագիրը։

«Ավելի  վատ կլիներ, եթե ստորագրեր, բայց պետք է հասնենք նրան, որ այսպիսի հարցեր մեզ մոտ այլևս չառաջանան և անիմաստ ժամանակ, ներուժ  չտրամադրվեն՝ հասկանալու, թե ոնց ենք վերաբերվում։ Պետք է զբաղվել այլ խիստ կարևոր հարցերով»,-ասաց նա։

Արզումանյանի խոսքով՝ այսօր երկրում առկա են ավելի լուրջ հարցեր, մարտահրավերներ, ռազմական սպառնալիքներ, տարածքային, աշխարհաքաղաքական խնդիրներ։

«Իրականում, չեմ ուզում շատ մեկնաբանել, քանի որ շատ կարևորել պետք չէ ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները, ուղղակի պետք  է փակել, չհիշել։ Կան ավելի շատ լուրջ խնդիրներ, պետք չէ կտրվել հայկական իրականությունից և ապագայից։ Պետք է խոսել հայկական պետականության, ապագայի, սպառնալիքների մասին»։

Լիաննա Թորոսյան