Ինչո՞ւ է երկմտում Օսկանյանը, ո՞ւմ հետ է քննարկել ԱԳ նախարար նշանակվելու հարցը

Ինչո՞ւ է երկմտում Օսկանյանը, ո՞ւմ հետ է քննարկել ԱԳ նախարար նշանակվելու հարցը

MediaHub-ը նախօրեին գրել էր, որ ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը, մեր աղբյուրների փոխանցմամբ, առաջիկայում կնշանակվի Արցախի ԱԳ նախարար:

Մեզ հաջողվեց որոշակի մանրամասներ ճշտել: Վարդան Օսկանյանն օրերս իսկապես առաջարկ ստացել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանից զբաղեցնել այս պաշտոնը, սակայն Օսկանյանը ժամանակ է խնդրել մտածելու: 

Ըստ մեր աղբյուրի՝ Վարդան Օսկանյանն իրականում այնքան էլ հակված չէ զբաղեցնելու այս պաշտոնը, գերադասելով շարունակել ՀՀ և Արցախի իշխանությունների հետ ուղղակի որևէ կապ չունենալուց, բայց մյուս կողմից՝ առաջարկողն ակնարկել է, որ այս փուլում ղարաբաղյան հակամարտության ողջ պատմությունը փայլուն տիրապետողն ու բանակցային գործընթացում անմիջական ու ակտիվ ներգրավվածություն ունեցող անձի նման կարևոր պաշտոնի նշանակվելը չափազանց կարևոր է: Եվ միայն կարող է նպաստել դժվարին այս փուլը հաղթահարելու գործում, որի մասին Ռուբեն Վարդանյանը գրեթե ամեն օր խոսում է՝ շեշտադրելով առաջիկա երկու տարիների կարևորությունն ու բարդությունը:

Թե ինչ որոշում ի վերջո կկայացնի Վարդան Օսկանյանը՝ հայտնի չէ: Սակայն MediaHub-ը տեղեկացավ, որ շուրջ մեկ շաբաթ առաջ Օսկանյանը հանդիպել է ՀՀ մեկ այլ նախկին ԱԳ նախարարի հետ՝ Արա Այվազյանի: Ի՞նչ են քննարկել երկու նախկին պաշտոնյաները, որոնց գործունեության առանցքը հենց Արցախն ու արցախյան հիմնախնդիրն է  եղել, ճշտել չհաջողվեց՝ Արա Այվազյանը  մեր հեռախոսազանգերին համառորեն չի պատասխանում: Նույնն էլ Օսկանյանը: Բայց այն, որ առաջարկը ստանալուց հետո  Վարդան Օսկանյանը հանդիպել է այս իշխանության օրոք արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցրած Արա Այվազյանի հետ՝ արդեն իսկ որոշակի հարցերի տեղիք է տալիս: Կամ, ինչպես ասում են ռուսները՝ «это «Ж» неспроста»: Ի վերջո, կարելի է ենթադրել, որ Օսկանյանը կտրուկ «ոչ» չի ասել Ռուբեն Վարդանյանին ու այդ կոնտեքստում էլ հարցը քննարկել է արցախյան “քեյսի” վերջին ժամանակների նրբերանգներին տիրապետող անձի հետ:

Ի դեպ, մամուլն այսօր գրել էր, որ Արցախի  ԱԳ նախարարի թեկնածուների անուններ են շրջանառվում, մասնավորապես՝ Վարդան Օսկանյան, Արա Այվազյան, բայց դեռ վերջնական որոշում չկա։ Նույն աղբյուրի համաձայն՝ Ռուբեն Վարդանյանը երեկ Երեւան է ժամանել, այսօր մեկնելու է Մոսկվա եւ որոշ ճշգրտումներից հետո նոր կձեւավորի կաբինետը։ 

Կապրենք՝ կտեսնենք: Իսկ մինչ այդ Արցախի ԱԳ նախարարի պաշտոնակատարաը կշարունակի մնալ Դավիթ Բաբայանը, որի երեկվա հարցազրույցներից հստակ պարզ է դառնում՝ պաշտոնակատար նա կլինի շատ կարճ ժամանակահատված: