Նախապատվությո՞ւն, թե՞՝ արարողակարգ. ինչո՞ւ հենց Փաշինյանը դիմավորեց Պուտինին

Նախապատվությո՞ւն, թե՞՝ արարողակարգ. ինչո՞ւ հենց Փաշինյանը դիմավորեց Պուտինին

Երեկ Երևանում կայացավ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստը, որին մասնակցելու համար ՀՀ ժամանեցին անդամ հինգ պետությունների ղեկավարները։

Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի ու Տաջիկստանի ղեկավարներին Զվարթնոց օդանավակայանում դիմավորեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, իսկ ահա ՌԴ նախագահին դիմավորելու համար օդանավակայան շտապեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Արդյո՞ք սա արարողակարգից բխող քայլ էր, թե՞՝ զուտ նախապատվության խնդիր․ հարցը բավականին լայն քննարկում գտավ հանրության կողմից։

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը MediaHub.am-ի հետ զրույցում նշեց, որ ըստ արարողակարգի, ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին դիմավորում է փոխվարչապետը։

«Իսկ ՄԱԿ անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրների ղեկավարներին դիմավորում է վարչապետը։ ՌԴ-ն ՄԱԿ ԱԽ հինգ մշտական անդամ պետություններից մեկն է»,- նշեց Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ 2019-ին ևս ՌԴ նախագաը ժամանել էր Հայաստան՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին: Բայց այդ ժամանակ նրան օդանավակայանում դիմավորեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Թե ինչո՞ւ է արարողակարգը կամընտրաբար պահպանվում՝ թողնում ենք առանց մեկնաբանության։

Նարե Գնունի