Հայաստան-Թուրքիա․ FAF-ը երկրպագուների միասնական երթ կանցկացնի

Հայաստան-Թուրքիա․ FAF-ը երկրպագուների միասնական երթ կանցկացնի

Մարտի 25-ին տեղի կունենա Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի Հայաստան-Թուրքիա հանդիպումը։ Խաղը կանցկացվի Վ․ Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 21:00-ին:

Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների՝ FAF (Առաջին հայկական ճակատ) շարժման անդամներն այս խաղից առաջ ևս երկրպագուների միասնական երթ կկազմակերպեն, ինչի մասին հանդես են եկել հայտարարությամբ։

«Սիրելի երկրպագուներ, մոտենում է Եվրո 2024-ի ընտրական փուլի մեկնարկը և այն մեզ համար սկսվելու է #կյանքիխաղով ։

Մարտի 25-ին ժամը 17:00-ին, Հայաստան-Թուրքիա խաղից առաջ FAF-ը կազմակերպում է երկրպագուների միասնական երթ` Ֆրանսիայի հրապարակից (Արամ Խաչատրյանի արձանի մոտից), որը կավարտվի Հանրապետական մարզադաշտում: Կարևոր չէ՝ որ տրիբունայից եք աջակցելու մեր ընտրանուն, կարևոր է լինել մեկ ամբողջություն, ցույց տալ անսպառ հավատ և տեսնել անմնացորդ նվիրում դաշտում։

Երթի բոլոր մասնակիցներին հորդորում ենք ներկայանալ սև հագուստով, ունենալ հավաքականի կամ Հայաստանի շարֆեր, դրոշներ:

Պիրոանվտանգության նկատառումներից ելնելով՝ երթը նկարահանողներին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին խնդրում ենք լինել թմբկահարից 15 մետր առաջ հեռավորությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ: