Մեր երազելին չի համապատասխանում իրականությանը. Պարույր Հայրիկյան

Մեր երազելին չի համապատասխանում իրականությանը. Պարույր Հայրիկյան

Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաներն այսօր շնորհավորական ուղերձներ են հղել Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 33-րդ տարեդարձի կապակցությամբ: 

Սակայն այն մարտահրավերներն ու խնդիրները, որոնք այսօր կանգնած են  Հայաստանի առջև, թույլ չեն տալիս լիարժեքորեն տոնել այս պատմական իրադարձությունը: Այսօրվա իրողություններն այնպես են դասավորվել, որ Հայաստանի Հանրապետությունը տարածքային ամբողջականության, անվտանգության խնդիր ունի, հայ ժողովուրդը գոյության խնդիր ունի։  Այսպիսին էր, ի դեպ, Հայաստանը 1990թ-ին Անկախության հռչակագրի ստորագրման նախաշեմին՝ հիշում է «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

«Մենք պիտի նշենք, որ այն, ինչ մենք՝ անկախության համար պայքարողներս, երազում էինք, մանավանդ պատկերացնելը, որ Հայաստանը անկախությունից 30 տարի հետո ինչ պայմաններում ու վիճակում պիտի լինի, մեր իրականությունը դրան, մեղմ ասած, չի համապատասխանում: Մեր երազելին չի համապատասխանում իրականությանը»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Հայրիկյանը։

Նրա խոսքով ՝ անկախություն նշանակում է մի կառույց, որն օգտվում է միջազգային իրավունքից.

«Մենք քաղաքական և բարոյաքաղաքական տեսակետից, շատ ավելի լավ վիճակում էինք, քան այսօր, չնայած արդեն արհեստական երկրաշարժը մեր վրա ազդել էր, մենք արդեն մեծ փորձություններ էինք անցել: Ընդհանուր մթնոլորտը տասնապատիկ ավելի լավատեսական էր, քան այսօր»- նշում է Հայրիկյանը:

Նշենք, ադրբեջանական կողմից շարունակվող կրակահերթերը և ինքնիշխան Հայաստանի Հանրապետության նկատմամբ նորանոր տարածքային նկրտումները խոսում են այն մասին, որ անկախության համար պայքարը դեռ շարունակվում է: Գուցե՝ այսօր այդ պայքարն ավելի թեժ է, ավելի ցավոտ, քանզի Հայաստանը միայնակ է մնացել և միջազգային հանրությունը լուռ հետևում է այդ պայքարին: Ասել է թե՝ թշնամաբար տրամադրված հարևան երկու պետություններին դիմակայելը և գոյության իրավունքի համար պայքարը չավարտվեց Անկախության հռչակագրի ընդունմամբ։ 1990թ. օգոստոսի 23-ը գրանցվել է հայոց պատմության գրքում, սակայն դրա իրավաչափությունը հայ ժողովուրդը դեռ պետք է ապացուցի...

Գեղեցիկ Մանուկյան