Միրզոյանի խոստովանությունը

«Մինչ այժմ մենք չենք լսել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ Ադրբեջանի ղեկավարության հրապարակային խոսքերը, մինչդեռ, այդպիսի խոսքեր լսել ենք փակ հանդիպումների ընթացքում: Եվ սա մեզ համար խիստ մտահոգիչ է ու կարող է վկայել այն մասին, որ Ադրբեջանը տարածքային հավակնություններ ունի Հայաստանի Հանրապետությունից»,- երեկ Բելգիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
Սա ինքնատիպ խոստովանություն է, որը ոչ այնքան բացահայտում է Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը, ինչն ակնհայտ է բոլորի համար, որքան խոստովանում է Նիկոլ Փաշինյանի հետպատերազմյան դիվանագիտության ձախողումը:
Փաշինյանին թվում էր՝ միակողմանի զիջումների քաղաքականությունը կարող է արդյունավետ լինել ու հանգեցնել կայուն խաղաղության հաստատմանը: Այդ տրամաբանության համատեքստում 2022-ի գարնանը նա խոսեց ԼՂ կարգավիճակի նշաձողն իջեցնելու անհրաժեշտության մասին, ապա նույն տարվա հոկտեմբերի 6-ին Պրահայում քառակողմ հայտարարություն ստորագրեց, որով անվերապահ ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:
«Արցախը տանք, խաղաղ ապրենք» բանաձևը, սակայն, չաշխատեց: Բաքուն ոչ միայն ակտիվորեն ձեռնամուխ եղավ Արցախի կլանմանը, այլ նաև այդպես էլ չճանաչեց Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ բացահայտորեն ակնարկելով, որ միայն ԼՂ-ով չի բավարարվելու:
Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը կատարյալ ֆիասկո է գրանցել ու իրավիճակը, թերևս, կարող է շտկվել՝ ամբողջական իշխանափոխության դեպքում:
Վահրամ Բագրատյան