Սովը Արայիկին հասավ, թե՞ շահը․ Աղդամը բացելու որոշումը հեռու չէ

Սովը Արայիկին հասավ, թե՞ շահը․ Աղդամը բացելու որոշումը հեռու չէ

«Վերքը տիրոջն է ցավացնում»․ սա կարգախոս է դարձել արցախցիների համար, երբ տեսնում են՝ Հայաստանի անկարողությունը ստեղծված իրավիճակում։ 

Մի կողմում հումանիտար օգնությամբ լցված բեռներն են, որ արդեն մի քանի շաբաթ է մեկ սանտիմետր անգամ առաջ չեն եկել, մյուս կողմում՝ սովապահ լինող քաղաքացիներն են։ Ի՞նչ պետք է անել, ինչպե՞ս խուսափել ցեղասպանությունից. ոչ ոք չգիտի։ Իսկ վերջին օրերին Արցախից հասնող լուրերը էլ ավելի են սրում առանց այդ էլ ծանր իրավիճակը:

Ջայլամի քաղաքականություն վարող Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, որը վստահ ասում էր, թե Աղդամի ճանապարհը բացելն անհնար է և նույնը սովորեցնում էր թիմակիցներին, հիմա կամ ու կացի մեջ է, հիմա Աղդամի ճանապարհն իր համար էլ է փրկություն: Արցախցիներն ասում են՝ դժվար է հավատալը, բայց գուցե սովը նաև իր շեմին է մոտեցել, մյուսները պնդում են՝ ի սկզբանե էլ պարզ էր, որ զարգացումներն այնպիսին են լինելու, որ արդարացնեն Հարությունյանի՝ Աղդամով Բաքվից օգնություն ստանալու որոշումը: Եվ քչերն են, ցավոք, կարծում, որ Արայիկ Հարությունյանն այն լիդերն է, որ ժողովրդին կազատի այս սցենարից:

Այո, Արցախում խնդիրները բազմաթիվ են. հացի խնդրին նաև ջրի խնդիրն է գումարվել։ MediaHub-ին արցախցիներից մեկը պատմեց, թե հիմա մի քանի տասնյակ կիլոմետր են կտրում, որ ջուր հավաքեն։ 

«Փոքր աղբյուր ենք գտել, եկել ենք ջուր վերցնենք, մեր ունեցածը արդեն սպառվել է, հիմա էսպես փորձում ենք մի քիչ թեթևացնել մեր հոգսերը»,-ասաց նա։ 

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ իշխանությունը լծված է այն գործին, որ Աղդամի ճանապարհի բացումը բնակչության համար այլընտրանք չունենա, որ մարդիկ հասկանան՝ սա է միակ ելքը, իշխանությունն ի՞նչ անի, մինչդեռ վստահ են՝ սա վաղուց գրված սցենար է և ուշ թե շուտ պիտի իրագործվի։ 

«Նիստեր են գումարում, փորձում են Աղդամի ճանապարհը Լաչինի միջանցքի այլընտրանք հրամցնել, ժողովուրդն էլ ի՞նչ անի, պիտի հարմարվի»,- ասում է մեր զրուցակիցը։

Արցախում կան գործիչներ, որոնք պնդում են, որ պետք է պայքարել, չհանձնվել, բայց ուղիները ու թե ինչպե՞ս հոգեբանորեն ահավոր ճնշված վիճակում, կիսասոված հասարակությունը, որտեղ արդեն սովից մահվան դեպք է գրանցվել, դա պետք է անի կամ ուժեր գտնի՝ դրա մասին չեն խոսում:

Ու, ըստ էության, առաջնորդ էլ չկա, որ Դանկոյի պես այս ճանապարհը ցույց տա ու մարդկանց տանի այդ ուղղությամբ:

Արցախն արդեն 255 օր է պաշարված է...