Վրաերթից մահացած Ռուստամը մոր հետ ճանապարհն անցնելիս է եղել

Արագածոտնի մարզի Ջամշլու գյուղի վարչական տարածքում այսօր վրաերթի ենթարկված ու մահացած 9-ամյա Ռուստամ Ուսոյանը մոր հետ ճանապարհն անցնելիս է եղել։
Այս մասին այսօր MediaHub-ին փոխանցեց Ջամշլուի հիմնական դպրոցի տնօրեն Թեմուր Խուդոյանը։
«Քիչ առաջ եմ այնտեղից եկել։ Ռուստամը մոր ձեռքը բռնած փողոցն անցնելիս է եղել, մի պահ բաց է թողել, առաջ անցել ու Երևանից եկող «Կամազը» հարվածել է նրան։ Ռուստամը մեկ քույր ու մեկ եղբայր ունի, ինքը փոքրն էր, 4-րդ դասարան էր փոխադրվում, ժիր, ճարպիկ երեխա էր»,-ասաց նա։
Մեր զրուցակիցը նշեց՝ գյուղը ցնցված է այս ողբերգությունից:
Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 23-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ժամը 13։20-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 41-ամյա Հարություն Ս.-ն իր վարած Камаз մակնիշի կցորդիչով բեռնատարով Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 88-րդ կմ հատվածում՝ Ջամշլու գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել հետիոտն, նույն գյուղի բնակիչ 9-ամյա Ռ.ՈՒ.-ին։
Վարորդը դեպքի վայրից փախուստի չի դիմել, զանգահարել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոնի բժիշկներն արձանագրել են երեխայի մահը։
Լիաննա Թորոսյան