Շատերը չունեն վերջույթներ, մի մասը տեսողությունն է կորցրել, բայց նրանք չեն կորցնում կարևորը՝ կամքը

Շատերը չունեն վերջույթներ, մի մասը տեսողությունն է կորցրել, բայց նրանք չեն կորցնում կարևորը՝ կամքը

Բոլոր պատմությունների կենտրոնում արցախցի տղամարդու հավաքական կերպարն է ու ապրելու մեծ ցանկությունը։ Տեղահանությունից հետո Կարինե Իսրայելյանը շարունակում է վերականգնող թերապիստի իր առաքելությունն արցախցի գործընկերների հետ։ Պացիենտներն էլ հայրենակիցներն են, ովքեր տարբեր աստիճանի այրվածքներ են ստացել վառելիքի պահեստի պայթյունից։ 

Նախքան տեղահանությունը նա աշխատում էր Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնում, որտեղ ունեին մշտական այցելուներ՝ ամենատարբեր խնդիրներով։ 

«Այցելուների հոսքն ավելացրել են պատերազմները։ Կենտրոնի թերապիստներն ամեն ինչ անում էին, որ նրանց Հայաստան տեղափոխելու կարիք չլինի։ Պացիենտների հարազատների հետ հավասար ուրախանում էինք ամեն մի փոքր հաջողությամբ։ Այդպես քայլ առ քայլ ոտքի ենք կանգնեցրել շատ վիրավորների ու այցելուների»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Կարինե Իսրայելյանը։ 

Նա կենտրոնում աշխատում էր 1999 թվականից, երբ նորաբաց կենտրոնում ձևավորվում էր վերականգնող թերապիստների առաջին խումբը։ Համերաշխ կոլեկտիվը տարիների ընթացքում մեծացել է, զուգահեռ նաև կենտրոնի ճյուղերն են շատացել։ 

2023-ի պատերազմի ժամանակ Կարինեն ևս աշխատավայրում է եղել, սիրելի աշխատանքով զբաղված, արդեն հարազատ դարձած այցելուների հետ։ 

«Դպրոցահասակ երեխաներ ունեցող ծնողների չատերում սկսեցին տագնապային գրառումները, հետո ուսուցիչներից մեկի մեկնաբանությունը՝ «խուճապ չկա, հանգիստ եղեք»։ 2020 թվականից գիտեինք, որ պատերազմները սկսվում են հանկարծակի։ Երբ լսեցինք առաջին պայթյունների ձայները, անմիջապես սկսեցինք հիվանդներին (իսկ նրանց մեծ մասը անվասայլակի վրա էին) տարհանել ապաստարան»,- հիշում է վերականգնող թերապիստը։ 

Վերականգնողական կենտրոնի այցելուները տարբեր տարիքի են, նրանց թվում՝ տարբեր խնդիրներ ունեցող երեխաներ։ Մեծ մասը հարազատներ ունեն դիրքերում։ Կարինե Իսրայելյանն ասում է, որ այդ խուճապային իրավիճակում նաև որպես հոգեբան են աշխատել, հանգստացրել, հուսադրել, մինչև կրակը որոշակի հանդարտվելուց հետո հարազատները եկել են նրանց հետևից։ 

«Փորձում էինք ադեկվատ լինել, չնայած մենք էլ մեր հարազատներից էինք ուզում լուր իմանալ, որն այդ պահին հնարավոր չէր կապի բացակայության պատճառով։ Կենտրոնի բուժանձնակազմը մնացել է տեղում, մինչև բոլոր այցելուները գնացել են»։ 

Կրակի դադարից հետո արցախցիների համար մի իրական փորձություն էր ՎՔՆ պահեստի աղետը, որտեղ այրվածքներ ստացած հարյուրավոր քաղաքացիներ առ այսօր էլ վերականգնողական փուլ են անցնում։ 

Կարինեն Արցախից դուրս է եկել սեպտեմբերի 27-ին, մեկ ամիս անց Երևանում սկսել է նույն գործառույթը։

«Մեր տնօրեն Վարդան Թադևոսյանը, երբ այցելել է այրվածքաբանական կենտրոն ու տեսել իրավիճակը, նկատել է, որ վերականգնող թերապիստների կարիք կա։ Առաջարկել է կամավոր հիմունքներով աշխատել։ Մեր թիմից 6 հոգով միացել ենք Արմենուհի Պողոսյանին ու սկսել մեր գործունեությունը»։ 

Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնն այժմ վերաբացվել է Երևանում, որպես հասարակական կազմակերպություն։ Սակայն, աշխատանքը շարունակելու համար անհարժեշտ են աջակիցներ, որոնց ներդրումների հաշվին այն կշարունակի գործել, քանի դեռ բուժում ստացողների թիվը շատ է։ Այցելուները հիմնականում այրվածքներ ստացած արցախցիներն են։ Մեր զրուցակիցն ասում է, որ նրանք հեշտ են հաղորդակցվում, քանի որ խոսում են Արցախի բարբառով։ Կենտրոնի անձնակազմն էլ մեծ ջանք է թափում՝ կյանքի վերադարձնելու համար։ 

«Վարժություններ ենք կատարում, հետո տնային աշխատանք հանձնարարում։ Ամեն մեկի պատմությունը որքան նման, նույնքան տարբեր է, սակայն, բոլոր պատմությունների կենտրոնում արցախցի տղամարդու հավաքական կերպարն է ու ապրելու մեծ ցանկությունը։ Շատերը չունեն վերջույթներ, մի մասը տեսողությունն է կորցրել, բայց նրանք չեն կորցնում կարևորը՝ կամքը։ Մենք ստեղծում ենք միջավայր, որ նրանք շատ խոսեն, պատմեն իրենց մասին, իրենց պատմությունը։ Դա շատ է օգնում»,- հավելեց Կարինե Իսրայելյանը։

Հունան Թադևոսյան