Ո՞ւմ չի վստահում. Խաչատուր Սուքիասյանն իր հետ իր ջուրը բերում է ԱԺ դահլիճ (տեսանյութ)

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, «ոչ մի բիզնես չունեցող» խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը, պարզվում է, չի վստահում ԱԺ աշխատակազմի հայտարարած մրցույթով ձեռք բերված ջրին, որն այս դեպքում «Բյուրեղ» ապրանքանիշի է։ Ու որպեսզի չօգտվի դրանից, իր հետ «Սիլ» է բերում, որն իր արտադրանքն է, ավելի ճիշտ՝ իր ու իր ընտանիքի հիմնած «Սիլ» կոնցեռնի կազմի մեջ մտնող ընկերության արտադրած ջուրն է։
Եթե «Բյուրեղի» փոխարեն «Նոյ» լիներ, կարելի էր հասկանալ Սուքիասյանի այս մոտեցումը, քանզի «Նոյը» արտադրողը Սուքիասյանի «թշնամի», «Բջնի» ջրերի գործարանի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «ՌՌՌ» հանքային ջրերի գործարանն է։ Իսկ «Բջնին» ժամանակին Սուքիասյանին էր պատկանում, և ՔՊ-ական գործարար պատգամավորը մինչև հիմա չի համակերպվում այդ մտքի հետ կամ չի «մարսում» այդ փաստը, որ «Բջնին» այլևս իրենը չէ։ Ուստի, եթե ԱԺ-ի ջուրը «Նոյ» լիներ, ինչ-որ տեղ կհասկանայինք Սուքիասյանի այս քայլը։ Բայց տարօրինակ է «Բյուրեղի» նկատմամբ այդպիսի ընդգծված մրցակցային վերաբերմունքը, հատկապես, որ «Բյուրեղի» սեփականատերն էլ թեպետ նախկինում ՀՀԿ խմբակցության պատգամավոր է եղել, բայց այժմ իշխանությունների հետ սերտ համագործակցող և, ինչ-որ իմաստով գուցե ՔՊ-ի սրտի օլիգարխ, «Ջերմուկ գրուպի» սեփականատեր Աշոտ Արսենյանն է, որի որդին էլ, ի դեպ, ՔՊ-ի ցուցակով Ջերմուկի քաղաքապետն է հիմա։
Մի տարբերակ էլ կա՝ Սուքիասյանն իր ընտանիքին պատկանող «Սիլ գրուպի» ջուրն իր հետ բերելով՝ պարզապես ուզում է այդ ճանապարհով ևս գովազդել իրենց ընկերության արտադրանքը և ցույց տալ, որ «անապատում էլ լինի, եթե «Սիլ» չեղավ, ինքը այլ ջուր չի խմի»։
Վահե Մակարյան