Երեխեքը կատակ են արել, ուզեցել են «դիմշաշկա» սարքել, ու դա տարածվել է դպրոցում․ ի՞նչ էր պատահել թիվ 194 դպրոցում

Երեխեքը կատակ են արել, ուզեցել են «դիմշաշկա» սարքել, ու դա տարածվել է դպրոցում․ ի՞նչ էր պատահել թիվ 194 դպրոցում

Երևանի թիվ 194 հիմնական դպրոցում այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Աշակերտներից մեկի ծնողը MediaHub-ին պատմեց, որ առավոտյան դասի ժամին երեխաների մոտ հանկարծակի հազի նոպաներ են սկսվել, և աշակերտները սկսել են խեղդվելով և արցունքակալած աչքերով՝ դուրս գալ դպրոցից։ Երբ ծնողներին հրավիրել են դպրոց, նրանք ևս նույն վիճակում են հայտնվել։ 

Մեզ ասացին նաև, որ ընդհանուր չաթում ծնողներից մեկը նույնիսկ կարծիք է հայտնել, թե՝ «լավ է, որ այսպես է վերջացել, կարող էր ավելի վատ ավարտ ունենալ»։ Նա, սակայն, չի մեկնաբանել, թե ինչ նկատի ունի։

MediaHub-ը իրավիճակի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար դիմեց դպրոցի տնօրեն Նունե Մանուկյանին։ Վերջինս չհերքեց, որ նման բան է տեղի ունեցել դպրոցում՝ նշելով․ «Երեխեքը, կարծես թե, կատակ են ուզել անել, ինչ-որ բան են բերել, որը օդն աղտոտել է։ Մենք արագ արձագանքել ենք էդ ամեն ինչին, պարզել ենք հանգամանքները, չեզոքացրել ենք, ոչ մի բան չի եղել, էդպես ավարտել ենք։ Ոչ մի բան չի պատահել, դասարանում կատակ են արել, չգիտեմ՝ ինչ են բերել, ուզեցել են «դիմշաշկա» սարքեն, թե, չգիտեմ, ինչ են արել, դա տարածվել է դպրոցում, անմիջապես դասարանի ու միջանցքի լուսամուտները բացեցին, մնացած դասարանների լուսամուտներն էլ բացեցին, դռները փակեցին, ինքը չեզոքացավ, գնաց»։

Հարցին՝ ի՞նչ նյութ է եղել, դպրոցի տնօրենն ասաց․ «Իրենց ասելով՝ ուզել են «դիմշաշկա» սարքեն, ինչ զիբիլ սարքեն»։ Նաև նշեց, որ այդ չարաճճիությունն արել են իններորդ դասարանի աշակերտները, որոնց արդեն նկատողություն են տվել և ոստիկանություն էլ չեն դիմել, քանզի դրա կարիքը չի եղել։ Բուժօգնության դիմող էլ չի եղել, ընդամենը մի քանի րոպե է տևել այդ ամենը։

«Քանի որ իններորդ դասարանցիներ էին, իրենց կարգի հրավիրեցինք, զանգահարեցինք իրենց ծնողներին, հրավիրեցինք դպրոց, և որևէ այլ բանի անհրաժեշտություն այլևս չառաջացավ։ Երեխեքն էլ լավ սովորող երեխեք են, չգիտեմ՝ ինչեր են տեսնում նրանք «տիկ-տոկ»-ներից ու ինչ-որ բան փորձել են դպրոցում կիրառել։ Էնպես չի, որ մատների արանքով ենք նայել, անմիջապես ամբողջ դպրոցը հավաքվեց, արագ կազմակերպեցինք, ծնողներին կանչեցինք, տվյալ երեխային նկատողություն տվեցինք, սկզբում մեկ ուրիշը իր վրա վերցրեց, դասարանը փակում էր այդ փաստը, չէր ուզում, որ արձագանք ստանար»,- ասաց տիկին Մանուկյանը։

Նա նաև նկատեց, որ այդ «տիկ-տոկ»-ներից ինչ-որ բաներ են վերցնում ու որոշում իրական կյանքում կիրառել, ինչը շատ վատ է։

«Ես՝ ինքս, «տիկ-տոկ» չեմ նայում, անկեղծ ասած, բայց երբ հարցրի՝ «այդ նյութը որտեղի՞ց եք վերցրել», ասացին՝ «տիկ-տոկ»-ում են տեսել»,- ասաց դպրոցի տնօրենը։

Վահե Մակարյան