ՌԴ-ը Չեռնոգորիայից բացատրություն է պահանջել դիվանագիտական հարաբերությունների խզման մասին հայտարարության վերաբերյալ

Պոդգորիցայում ՌԴ դեսպանատունը պարզաբանում է պահանջել Չեռնոգորիայի ԱԳՆ-ից՝ Մոսկվայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին Twitter-ում հրապարակված հայտարարության առնչությամբ։
«Մենք նոտա ենք ուղարկել Չեռնոգորիայի արտաքին գործերի նախարարություն՝ համապատասխան պարզաբանումներ պահանջելով»,- ռուս դիվանագետների խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Խոսքը Չեռնոգորիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Գեորգի Ռադուլովիչի՝ ապրիլի 18-ի հրապարակման մասին է, որում նախարարը նշել է ռուսական կողմի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու անհրաժեշտությունը։ Սակայն մի քանի ժամ անց հաղորդագրությունը ջնջվել է։
Ավելի վաղ՝ ապրիլի 7-ին, Չեռնոգորիայի իշխանությունները հայտարարել էին չորս ռուս դիվանագետների արտաքսման մասին։ Նրանց հրամայված է յոթ օրվա ընթացքում լքել երկիրը։ Նույն օրը ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել էր, որ Մոսկվան համարժեք պատասխան կտա Պոդգորիցայի նման որոշմանը։
Մարտի 4-ին Չեռնոգորիայի ԱԳՆ-ը հայտարարեց, որ արտաքսում է մեկ ռուս դիվանագետի, քանի որ նրա գործողությունները իբր հակասում են Ժնևի կոնվենցիային։ Ի պատասխան՝ Ռուսաստանը վտարեց Մոսկվայում Չեռնոգորիայի դեսպանատան աշխատակցին։