Փարիզը փորձում է համոզել ԵՄ-ին էմբարգո սահմանել ռուսական նավթի մատակարարումների վրա

Փարիզը փորձում է համոզել ԵՄ-ին էմբարգո սահմանել ռուսական նավթի մատակարարումների վրա

Ֆրանսիան փորձում է համոզել ԵՄ-ի իր գործընկերներին էմբարգո կիրառել Ռուսաստանից նավթի մատակարարումների վրա. ասել է էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Բրունո Լը Մերը։

«Հաշվի առնելով այն, ինչ այժմ կատարվում է Դոնբասում, ավելի քան երբևէ անհրաժեշտ է դադարեցնել նավթի մատակարարումները Ռուսաստանից։ Ֆրանսիայի նախագահը հստակ հայտարարեց, որ մենք փորձում ենք համոզել մեր եվրոպացի գործընկերներին դադարեցնել ռուսական նավթի մատակարարումները,  քանի որ նավթի մատակարարումների դադարեցումը կհարվածի Ուկրաինայի պատերազմի ֆինանսավորմանը», – ասել է Լը Մերը Europe 1 ռադիոկայանի եթերում։

Ավելի վաղ Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը կոչ էր արել սահմանափակել Ռուսաստանից ԵՄ նավթի և ածխի մատակարարումը։

Ռուսաստանը փետրվարի 24-ին ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում։ Նախագահ Վլադիմիր Պուտինը դրա նպատակն անվանել է «Կիևի ռեժիմի կողմից ութ տարի ցեղասպանության ենթարկված մարդկանց պաշտպանությունը»։ Դրա համար, ըստ նրա, նախատեսվում է իրականացնել «Ուկրաինայի ապառազմականացում և ապաազգայնացում»։