ԱՄՆ-ը դեմ է Ռուսաստանի հանդեպ կոշտ խոսքին G7-ի հայտարարության մեջ. Reuters

Ամերիկայի Միացյալ Նահանգները G7-ի համատեղ հայտարարության մեջ դեմ է արտահայտվել Ռուսաստանի Դաշնության վերաբերյալ կոշտ արտահայտություններին՝ «խաղաղության բանակցություններին» չխոչընդոտելու համար, գրել է Reuters-ը։
Մարտի 12-ին և 14-ին Կանադայի Քվեբեկ քաղաքում տեղի կունենա Յոթնյակի (G7) երկրների ԱԳ նախարարների հանդիպումը։
Reuters-ի փոխանցմամբ՝ Կանադան ի սկզբանե ակնկալել է, որ համատեղ հայտարարությունը կանդրադառնա Ուկրաինայի լայնածավալ պատերազմին, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և Չինաստանի հետ հարաբերություններին։
Օտտավան նաև ակնկալում է առանձին հռչակագիր ընդունել Ռուսաստանի Դաշնության «ստվերային նավատորմի» դեմ պայքարի վերաբերյալ։
Վերջնական կոմյունիկեի ամբողջական տեքստի շուրջ համաձայնեցնելը դժվար է եղել: Ոմանք կարծում են, որ G7 երկրները կարող են չկարողանալ փոխզիջման հասնել: