Սպիտակ ցեղասպանություն է պատրաստել արցախցիների գլխին․ Հակոբյան

Միշելը առավել քան պարզ ասաց՝ Լաչինի միջանցքը այլեւս ճանապարհ է, որի բացել-չբացելը պայմանավորված է Ադրբեջանի բարի կամքի դրսեւորումով, իսկ արցախցիները հնարավորություն ունեն հումանիտար օգնություն ստանալ Աղդամով․ MediaHub-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Արցախի Ազգային խողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ մեկնաբանելով Լաչինի միջանցքի ապաշրջափակման մասին ԵՄ նախագահ Շառլ Միշելի հայտարարությունը։
Բրյուսելում կայացած Փաշինյան-Ալիև վերջին հանդիպումից հետո Միշելը հայտարարեց, որ Ադրբեջանը պատրաստ է Աղդամով հումանիտար մատակարարումներ իրականացնել Արցախ, միաժամանակ շեշտելով, որ Հայաստանին կապող միակ՝ Լաչինի ճանապարհը պետք է բացվի։ Միջանցք բառը Միշելը փոխարինեց ճանապարհ բառով։
Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ սա ավելի խորը վտանգներ է պարունակում, քան Ադրբեջանի պարտադրած ինտեգրումը։
«Այս քայլով նրանք փաստում են իրենց մինչ այդ արած հայտարարություններն այն մասին, որ Արցախում ապրող հայերը պիտի ունենան ադրբեջանական անձնագիր, ենթարկվեն Ադրբեջանի օրենքներին։ Սա ավելի վտանգավոր է, քան բռնակցումը, ավելին է, քան ինտեգրումը։ Սա սպիտակ ցեղասպանություն է, որպեսզի շատերի կամքը չհերիքի՝ հեռանան Արցախից, իսկ ով էլ մնա՝ գիտակցի, որ լինելու է Ադրբեջանի յաթաղանի տակ։ Իրենք դա ասում են արդեն ուղիղ՝ առանց քաղաքական մանեւրումների»,-նշեց նա։
Հակոբյանը հիշեցրեց, որ տարիներ շարունակ խոսել են Արցախի գլխին կանգնած վտանգների մասին, Արեւմուտքի ադրբեջանամետ քաղաքականության մասին։
«Մենք խոսում էինք հավաքական Արեւմուտքի երկակի խաղերի, Փաշինյանի ազգակործան, հայաստանակործան քաղաքականության մասին։ Այդ խմբակը իշխանությունը զավթեց, որպեսզի պետությունը բերի հասցնի տրամաբանական այս ավարտին։ Այդ եռակողմ հանդիպման ժամանակ բացահայտ խոսվեց Արեւմուտքի երկակի ստանդարտների եւ ամբողջովին կեղծ օրակարգերի վրա ստեղծված Եվրոպայի մասին։ Պետք է փաստել, որ Հայաստանի հենց այս իշխանությունների ձեռամբ է բանակցությունների ընթացքը փոխվել, ինչի արդյունքում մենք ունեցանք պատերազմ, վտանգավոր իրավիճակ, որ կախված է Արցախի եւ Հայաստանի գլխին։ Այն կցկտուր տեղեկությունները, որ այդ հանդիպումից հետո տրվեցին, կարելի է հետեւյալ կերպ հասկանալ, որ այսօրվա խաղաղության օրակարգում Հայաստանը միջանցք է տալիս Ադրբեջանին, ՀՀ սուվերեն տարածքից տարածքներ է հանձնում, որն իրենք անվանում են անկլավներ։ Գերիների վերադարձի հարցը տեխափոխվեց լրիվ այլ հարթակ եւ դիտարկվում է երկու ադրբեջանցիների վերադարձով»,-ասաց պատգամավորը։
Լիա Սարգսյան