Հուսահատ քա՞յլ, թե՞ պայքարի նոր փուլ... 

Հուսահատ քա՞յլ, թե՞ պայքարի նոր փուլ... 

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նստացույց է սկսել Ստեփանակերտում՝ միանալով Վերածննդի հրապարակում մեկնարկած ակցիային: Այս մասին հայտարարել է Հարությունյանը՝ երեկ երեկոյան հանդես գալով ուղերձով:

Հարությունյանը նշել է՝ եթե մեկ շաբաթվա ընթացքում «միջազգային միջամտությամբ Արցախի ժողովրդի վիճակը չվերադառնա քիչ թե շատ բնականոն հուն», ապա դրանից հետո կդիմեն ավելի կոշտ գործողությունների՝ առանց հստակեցնելու, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը:

Ի՞նչ կոշտ գործողությունների մասին է ակնարկում Հարությունյանը, արդյո՞ք նա համապատասխան ճշտումներ է արել Հայաստանի կամ Ռուսաստանի իշխանությունների հետ:

Սրանք հռետորական հարցեր են, հատկապես՝ Հայաստանի իշխանության մասով, եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ նաև Նիկոլ Փաշինյանի ապիկար քաղաքականության հետևանքն է Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը:

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա վերջին օրերին Մոսկվայի ու Բաքվի հարաբերություններում ճգնաժամ նկատվում է:

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն երեկ Մոսկվայում հանդիպել է Ադրբեջանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուի հետ։ Առիթը եղել է ՌԴ ԱԳՆ հուլիսի 15-ի հայտարարության կապակցությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ի «ոչ կոռեկտ մեկնաբանությունները»: 

Իհարկե, ոգևորվել պետք չէ, բայց սա ոչ թե պլանավորված հանդիպում է եղել, այլ դեսպանը կանչվել է՝ որոշակի պարզաբանումներ տալու նպատակով:

Սա բնավ չի նշանակում, թե Հարությունյանի քայլն անպայմանորեն կապված է այս գործոնի հետ:
Մյուս կողմից, եթե կոնկրետ հաշվարկ չկա, պետության ղեկավարը, նույնիսկ՝ չճանաչված պետության, նստացույց, հացադուլ, պայքարի նման մեթոդների չպետք է դիմի: Դա պետության ճգնաժամի, պետական համակարգի անզորության ցուցադրություն է...

Վահրամ Բագրատյան