Փաշինյանական պրիմիտիվիզմ 

Փաշինյանական պրիմիտիվիզմ 

Երեկ կայացած նախագահական ընտրություններում Վլադիմիր Պուտինը վստահ հաղթանակ տարավ՝ վերընտրվելով ՌԴ նախագահի պաշտոնում: Եվ կարելի է ասել, որ այս արդյունքը որևէ մեկի համար անակնկալ չէր, սպասելի էր:

ԿԸՀ-ն արդեն իսկ հայտնել է նախնական արդյունքները, որոնց համաձայն Պուտինի օգտին քվեարկել է ընտրողների 87,33%-ը: Սա աննախադեպ ցուցանիշ է երկրի պատմության մեջ, ինչպես նաև աննախադեպ էր ընտրողների մասնակցությունը: 

Առավոտվանից Վլադիմիր Պուտինը շնորհավորանքներ է ստանում: Այդպես, նրան արդեն շնորհավորել են Չինաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Ադրբեջանի, Իրանի, Տաջիկստանի և այլ երկրների առաջնորդներ: Այսինքն, առաջիններից շնորհավորել են այն երկրները, որոնք բարձր մակարդակի քաղաքական և տնտեսական հարաբերություններ ունեն ՌԴ հետ, վերջինիս հետ տարբեր միություններում և կազմակերպություններում են ներկայացված՝ ՀԱՊԿ, ԵԱՏՄ:

Նկատելի է, որ այս ցանկում դեռ բացակայում է Նիկոլ Փաշինյանի անունը: Հայաստանի առաջնորդի պաշտոնը զբաղեցնող անձը, ըստ էության, որքան հնարավոր է կձգի շնորհավորելու պահը, և դա ևս որևէ մեկի համար ոչ անակնկալ է, ոչ նորություն, ոչ էլ անսպասելի մի բան: Փաշինյանը ՌԴ հետ հարաբերություններում, ավելի ճիշտ՝ «չհարաբերություններում» անչափ կանխատեսելի է: Ու պրիմիտիվ: Ինչը կոնկրետ իր ղեկավարած քաղաքական թիմի տեսանկյունից արդարացված է՝ ՔՊ-ն սանձել է հակառուսականության ալիքը և փորձում դրա վրա հեռուն հասնել: Կասկածելի, արկածախնդիր, բայց այս պահին արդյունավետ գործելաոճ:

Վահագն Խաչատուրյանը ևս դեռ չի շնորհավորել, բայց դա հաշիվ չի, որովհետև Խաչատուրյանը հաշիվ չի:

Չէինք կարող զուգահեռներ չանցկացնել. անցյալ տարվա մայիսին Էրդողանին Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ Փաշինյանը շնորհավորեց անմիջապես երկրորդ փուլի ավարտին: Երկուսի դեպքում էլ պարզ էր՝ թե՛ Պուտինը, թե՛ Էրդողանը վերընտրվելու են, հետևապես հուզաթաթախ կամ խիստ դիվանագիտական բնույթի տեքստեր գրելու համար շատ ջանք ու ժամանակ չի պահանջվում: Այնպես որ այստեղ գործում է, ժողովրդի լեզվով ասած, "ֆորսեր" անելու ցանկությունը՝ Փաշինյանը ցույց է տալիս, որ նեղացած է, դարձնում դա քաղաքական կատեգորիա և հիմա էլ դրանով կերակրում իր ընտրողներին: Իսկ թե հետո ի՞նչ կլինի կամ ի՞նչ գին կվճարի ՀՀ-ն ու հայ ժողովուրդը այդ նեղացկոտության համար՝ էական չի:

Ռուսաստանի Դաշնությունը, հիշեցնենք, ՀՀ ռազմավարական դաշնակիցն է, Թուրքիան, ըստ էության, թշնամի, որի անմիջական օգնությամբ ու աջակցությամբ 2020 թվականին 5000 հայ տղաներ սպանվեցին, հարյուրները անհետ կորած են համարվում, տասնյակներն էլ մինչ օրս նրա փոքր եղբայր Ադրբեջանի բանտերում տանջամահ են արվում: