Փաշինյանն ահաբեկեց տավուշցիներին՝ արժանանալով նրանց մերժմանը 

Փաշինյանն ահաբեկեց տավուշցիներին՝ արժանանալով նրանց մերժմանը 

Պաշտոնական Երևանի քաղաքականությունն է պատերազմ թույլ չտալ, երեկ Տավուշում Ոսկեպարի, Բաղանիսի ու հարակից բնակավայրերի բնակիչների հետ հանդիպմանը ասել է Նիկոլ Փաշինյանը։ «Եվ սա է պատճառը, որ որոշել ենք, որ մենք պետք է գնանք այս հատվածներում ՀՀ սահմանի ճշգրտման», - հայտարարել է նա։

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացը մտնում է գործնական փուլ։

Այսպիսով, Փաշինյանը ժողովրդին բաց տեքստով ասում է՝ պետք է կատարենք Բաքվի պահանջը, եթե պատերազմ չենք ուզում:

Այստեղ կարևոր երկու հանգամանք կա:

Նախ, եթե նույնիսկ պատերազմի սպառնալիքը ճիշտ է, ապա դա միայն վկայում է այն մասին, որ Փաշինյանի հետպատերազմյան քաղաքականությունը հայտնվել է տոտալ ճգնաժամի մեջ:

Եվ երկրորդը. երկրի ղեկավարը կարևոր որոշումներն ընդունում է սեփական պատասխանատվությամբ: Անվտանգային հարցերում սահմանափակ տեղեկատվություն ունեցող ժողովուրդը լավ «խորհրդատու» չէ: Ուրեմն, ենթադրեք, թե ինչու է Փաշինյանը Ոսկեպար հասել:

Նա դարձյալ չի ուզում «դավաճան» լինել՝ ժողովրդի ուսերին բարդելով հնարավոր պատերազմի պատասխանատվությունը:

Այս համատեքստում խիստ օբյեկտիվ է, որ Տավուշը ոչ թե լսեց, այլ մերժեց Փաշինյանին:

Վահրամ Բագրատյան