Փաշինյանի շանտաժը 

Փաշինյանի շանտաժը 

Նիկոլ Փաշինյանն ուղիղ հայտարարում է՝ եթե անգամ հայկական զորքը Բաքվի պահանջած 4 գյուղերից հետ քաշվի սահմանագիծ, Ադրբեջանը հայկական 31 բնակավայրերի տարածքներից միաժամանակ չի նահանջելու։ Ընդդիմանալու վերջը, ասում էր Հայաստանի թիվ մեկ պաշտոնյան, մոտալուտ պատերազմը կլինի։ «Ես ձեզ ուզում եմ հակառակ սցենարը նկարագրեմ՝ մենք հիմի կարանք ստեղից դուրս գանք, գնանք ասենք՝ չէ, չկա, էն էլ չկա, էն էլ չկա, էն էլ չկա, դա նշանակում ա, որ շաբաթվա վերջ պատերազմ ա սկսելու»,- երկուշաբթի Տավուշում ասել է Փաշինյանը, երեկ էլ այդ միտքը նա անընդհատ կրկնում էր խորհրդարանում:

Իհարկե, Փաշինյանը երեկ խորհրդարանում բացահայտել է նաև, թե ինչ ենք զիջելու և որն է լինելու հայ- ադրբեջանական նոր սահմանն Տավուշի հատվածում. «Հայաստանի կողմից՝ Բաղանիս, Ադրբեջանի կողմից՝ Բաղանիս Այրում։ Ես ուզում եմ մենք ֆիքսենք, որ նույն գյուղերը չեն սրանք. անունների մեջ կա Բաղանիս, Այրում, Խորհրդային Միության ժամանակներից դեռ Ադրբեջանում գոյություն ա ունեցել Բաղանիս Այրում գյուղ, Հայաստանում՝ դիմացը՝ Բաղանիս գյուղ։ Հաջորդը՝ Հայաստանի կողմից Ոսկեպար գյուղ և Ոսկեպարի դիմացը գտնվող սահմանը, որը ադրբեջանական մոտավորապես Աշաղի Ասկիպարա բնակավայրի հատվածի մասին է:

Շարունակությունը՝ Հայաստանի կողմից Կիրանց գյուղ և նրա դիմացը գտնվող գյուղ, որը ադրբեջանական կողմից էդ հատվածում Խեյրեմլի (Խեյրիմլի) գյուղ։

Հայաստանի կողմից՝ Բերքաբեր գյուղ և Բերքաբերի դիմացը գտնվող սահմանի հատվածը, որը Ադրբեջանի կողմից կհամընկնի Կիզիլ Հաջիլի (Ղըզըլհաջիլի) գյուղի հետ։ Կիզիլ Հաջիլի գյուղը Ադրբեջանի տիրապետության ներքո ա էսօր էլ, էրեգ էլ»:

Այսպիսով, պատկերն առավել քան ակնհայտ է:

Դելիմիտացիա/ դեմարկացիայի գործընթացը տեղի է ունենում բացառապես ադրբեջանական օրակարգով. չկան համաձայնեցված քարտեզ ու սկզբունքներ, հատվածային գործընթացի ընթացքում Բաքուն իր վարկածն է առաջ քաշում, սպառնում է պատերազմով, հետո Փաշինյանը երկրի ներսում կատարում է Ալիևի տրամադրությունների տրանսլյատորի դեր:

Մեզ սպասվում է ոչ թե բալանսավորված խաղաղություն, այլ դրա պատրանք՝ ստորացուցիչ և նվաստացուցիչ միակողմանի զիջումների գնով:

Այդ ամենից հետո ի՞նչ բովանդակություն կունենա Հայաստանը, արդյո՞ք պետությունից չի մնա բացառապես ֆորմալիստական հատկանիշը, հասարակությունը հերթական անգամ կո՞ւլ է տալու նվաստացումը, թե՞ երկիրը մտնելու է քաղաքական տուրբուլենտության շրջան:

Հռետորական այս հարցերի պատասխանը շատ կարևոր է, որովհետև Հայաստանն ակնհայտորեն կանգնած է ներքին և արտաքին նոր մարտահրավերների շեմին, որոնք, ցավոք, կարող են հանգեցնել անգամ պետականության կոլապսի:

Վահրամ Բագրատյան