«Նեմեսիսի» թեման թուրքական կողմի համար «զգայուն ու ցավալի է». ի՞նչ է պատասխանել Ալեն Սիմոնյանը

«Նեմեսիսի» թեման թուրքական կողմի համար «զգայուն ու ցավալի է». ի՞նչ է պատասխանել Ալեն Սիմոնյանը

Անկարայում ավարտվել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ  Մուստաֆա Շենթոփի հանդիպումը, որին հաջորդել է ասուլիսը: Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց Սիմոնյանի խոսնակ Ծովինար Խաչատրյանը՝ նշելով, որ հայկական պատվիրակությունն արդեն Հայաստանի ճանապարհին է:

Մեր հարցին ի պատասխան, թե արդյոք Սիմոնյանը նաև առանձին հանդիպմանը բարձրաձայնել է Թուրքիայի կողմից հայկական ավիաուղիների ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու հարցը, Խաչատրյանն ասաց, որ այս կոնտեքստում առաջնային հարցը եղել է Երևանում «Նեմեսիսի» հերոսների հիշատակին հուշարձանի բացումը.

«Թուրքական կողմը նշել է, որ իրենց համար դա շատ զգայուն ու ցավալի թեմա է, որովհետև իրենց կորուստների մասին է խոսքը, սակայն դրան հակադարձվել է, որ Հայաստանն էլ ունի իր կորուստները և  եթե դա է դրվում քննարկումների հիմքում, ապա մենք որևէ տեղ չենք հասնի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առումով»,- փոխանցեց խոսնակը:

Ծովինար Խաչատրյանը հավաստիացրեց՝ ո՛չ երկկողմ հանդիպմանը, ո՛չ ասուլիսին մթնոլորտը լարված չի եղել, և նշեց, որ թուրք լրագրողները բավականին հետաքրքրված էին այս այցով, ինչի վկայությունն է այն, որ ասուլիսը սկսվել է շուրջ 2.5 ժամ ուշացումով և նրանք համբերատար սպասել են:   

«Ի զարմանս մեզ, ասուլիսը շատ հարցաշատ չէր, գուցե այդպես է ընդունված իրենց մոտ, որ շատ հարցեր չեն հնչեցնում: Ի տարբերություն Հայաստանի: Բացի ասուլիսից, որի ողջ տեսագրությունը կտրամադրվի հայաստանյան լրատվամիջոցներին, եղել են նաև առանձին հարցազրույցներ թուրքական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ: Ինչպես նաև քիչ առաջ մի թուրք լրագրող եկել էր Անկարայի օդանավակայան. հետաքրքրությունն իսկապես մեծ էր»,- ասաց մեր զրուցակիցը:

Հարցին՝ մտավախություն չունե՞ն, որ թուրքական լրատվամիջոցները տեքստը կաղճատեն, կաղավաղեն Ալեն Սիմոնյանի խոսքը, խոսնակը պատասխանեց.

«Այս պարագայում որևէ խնդիր չունենք, տեխնիկայի և տեխնոլոգիայի այս դարում աղճատել տեղեկատվությունն ուղղակի ծիծաղելի է»:

Հիշեցնենք, որ ԱԺ պատվիրակությունը, Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ, Անկարայում մասնակցել է Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի հիմնադրման 30-ամյակին նվիրված անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների գագաթնաժողովին եւ Գլխավոր վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքներին: