Ո՞ր ակնաբույժից է պետությունը ընդհանուր 1 մլրդ դրամի գույք ու գումար բռնագանձելու պահանջ ներկայացրել (լուսանկար)

Ո՞ր ակնաբույժից է պետությունը ընդհանուր 1 մլրդ դրամի գույք ու գումար բռնագանձելու պահանջ  ներկայացրել (լուսանկար)

Օրերս հայտնի դարձավ, որ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ՀՀ քաղաքացի, ակնաբույժ Ա.Ս.-ից և վերջինիս փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել.

4 անշարժ գույք՝ Երևան քաղաքում, 8 շարժական գույք, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքները, որն ընդհանուր կազմում է ավելի քան 606 մլն 102 հազար 500 դրամ, 9 մլն 912 հազար 752 դրամ գումար՝ որպես ապօրինի եկամուտների և միջոցների մնացորդ,
386 մլն 919 հազար 865 դրամի չափով գումար, որը 1996-2022 թվականների ընթացքում չի հիմնավորվել անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:

Խոսքը, ինչպես տեսնում ենք, բավականին կլորիկ՝ 1 մլրդ դրամի հասնող գումարի մասին է:

MediaHub-ը ճշտեց, թե ո՞ր ակնաբույժից է պետությունը պահանջում բռնագանձել ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույք ու կլորիկ գումար:

Խոսքը Արսեն Սարգսյանի մասին է, որը, մեր տեղեկություններով, երկար տարիներ աշխատել է Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայում, ապա կարողացել է սեփական կլինիկան բացել շուրջ հինգ տարի առաջ, որի տնօրենն էլ այսօր հանդիսանում է՝ «Նոր հայացք» կլինիկան: 

Սարգսյանը հրաժարվեց մեկնաբանություն տալ MediaHub-ին: Մենք կհետևենք այս գործով զարգացումներին, ի վերջո՝ փոքր գումարի մասին չէ խոսքը: