Փաստն այն է, որ Դադիվանքում մեր աղոթքն է լսվում․ Տեր Անդրեաս քահանա

Փաստն այն է, որ Դադիվանքում մեր աղոթքն է լսվում․ Տեր Անդրեաս քահանա

Օրեր առաջ Ադրբեջանի կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահ Մուբարիզ Գուրբանլին հայտարարել էր, թե հայ հոգևորականները պետք է լքեն Քարվաճառում գտնվող Դադիվանքը:

Ի պատասխան MediaHub-ի հարցադրման, Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից հայտնեցին, որ հայ եկեղեցականները Դադիվանքում շարունակում են իրենց հոգևոր ծառայությունը շնորհիվ ռուս խաղաղապահների երախտարժան առաքելության, որով ապահովվում է վանքի անվտանգությունը։

MediaHub-ի հետ զրույցում այսօր Արցախի թեմի հոգևորական Տեր Անդրեաս քահանա Թավադյանը նշեց, որ ոչինչ չի կարող փոխվել, հայ հոգևորականները Դադիվանքում պետք է մնան և շարունակեն ծառայել։ «Դադիվանքը հայկական եկեղեցի է։ Ռուս խաղաղապահներն էլ պահպանում են վանքը»,-ասաց նա։

Հարցին, թե վերջին անգամ ե՞րբ են ուխտավորներ այցելել Դադիվանք, վերջինս պատասխանեց․

«Նախորդ տարի հոկտեմբերի 26-ին է ուխտգանացություն եղել։ Պետք է հասկանանք, որ Ադրբեջանն ամեն առիթ օգտագործում է սադրելու, իրենք չէին ուզում, որ Դադիվանքը մեր հսկողության տակ մնար, դրա համար էլ ցանկացած պահ օգտագործում են, որ Դադիվանքը մյուս տարածքների հետ անցնի իրենց հսկողության տակ։ Բնական է, իրենց ձեռագիրն է։ Կարծում եմ՝ իրենք ամեն կերպ կփորձեն ճնշել, հոգեբանորեն, երբեմն՝ ֆիզիկապես, սա կանխատեսելի է: Սակայն մենք շարունակում ենք մեր ծառայությունն իրականացնել։ Հիմա իրենք շատ բան են ասում, ասում են՝ Երևանն էլ է մերը, Սյունիքն էլ է մերը, եթե այդ տրամաբանությամբ շարժվենք, ապա պիտի ամեն ինչ զիջենք, տանք իրենց։ Փաստն այն է, որ Դադիվանքում մեր աղոթքն է լսվում, մենք ծառայություն ենք իրականացնում»,-նշեց քահանան։

Տեր Անդրեասի խոսքով՝ վախ և անհանգստություն չկա արցախցիների մոտ։

«Դադիվանքն էլ է շրջափակված, մենք էլ ենք շրջափակված, սրանից ավելի ի՞նչ է լինելու, որ մենք վախենանք։ Կարևորն այն է, որ մենք չենք ընկճվում, եթե վախենալու լինեինք, ավելի վաղ կթողնեինք, կգնայինք։ Պահում ենք, տեր ենք և այդպես էլ շարունակելու ենք»։

Լիաննա Թորոսյան