Մենք չենք օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տերմինը․ ՌԴ արտաքին գործերի փոխնախարար

Մենք չենք օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տերմինը․ ՌԴ արտաքին գործերի փոխնախարար

Խնդրում ենք նկատի ունենալ, որ մենք չենք օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տերմինը: Ռուսաստանը հանդես է գալիս ոչ թե որևէ կոնկրետ երթուղու ստեղծման, այլ Հարավային Կովկասում տնտեսական ու տրանսպորտային հաղորդակցությունների ամբողջական ապաշրջափակման կողմնակից։ News.ru պորտալին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը։

«Հենց դրանով է զբաղվում 2021 թվականին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների որոշմամբ ստեղծված եռակողմ աշխատանքային խումբը՝ երեք երկրների փոխվարչապետների համատեղ նախագահությամբ»,- ընդգծել է Միխայիլ Գալուզինը։

Նրա խոսքով՝  աշխատանքային խումբն իրականացրել է ռիթմիկ աշխատանք ու հասել զգալի արդյունքների։ «Այսպիսով, 2023 թվականի հունիսին խմբի 12-րդ նիստում ընդհանուր փոխըմբռնում է ձեռք բերվել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման ու կազմակերպման շուրջ։ Մենք գրեթե հասել ենք համալիր, հավասարակշռված համաձայնության։ Սակայն գործընթացը կանգ է առել ոչ մեր մեղքով։ Արևմտյան երկրների ճնշման ներքո Երևանը որոշեց սառեցնել եռակողմ համագործակցությունը նաև այս ուղղությամբ»,- շեշտել է նա` հավելելով, որ անհրաժեշտ է հնարավորինս շուտ վերսկսել խմբի լիարժեք աշխատանքը՝ ոչ միայն Հարավային Կովկասի տրանսպորտային և կապի համակարգը ապաշրջափակելու, այլև տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար։