Վաղվա հանրահավաքին հրավիրում եմ նաև Նիկոլ Փաշինյանին, բայց մի պայմանով․ Էդգար Ղազարյան

Աջակցություն ունենք հասարակության տարբեր թևերից։ Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով օգոստոսի 23-ին սպասվող «անկախության» հանրահավաքին։

Նրա խոսքով՝ և՛ անհատներ են կանգնել իր կողքին, և՛ քաղաքական տարբեր գործիչներ։

«Նույնիսկ սպասվածից ավելի է աջակցությունը, բազմաթիվ մարդիկ պատրաստ են ընտանիքներով, կոլեկտիվներով գալ այդ հանրահավաքին»,- ասաց նա։

Էդգար Ղազարյանը նշեց՝ միակ խնդիրն այն է, որ Երևանի քաղաքապետարանն առաջարկում է հանրահավաքն անցկացնել ոչ թե Հանրապետության հրապարակում, այլ՝ Շահումյանի հրապարակում։ Նա տեղեկացրեց, որ այդ առումով դատարան են դիմել իրենք։

«Այսօր դատարանը կկայացնի որոշում, և ըստ դրա, մենք վերջնական ծանուցում կտանք»,- ասաց նա։

Նշենք, որ առաջին նախագահն այդպես էլ չի արձագանքել Ղազարյանի նախաձեռնությանը, իսկ երկրորդ և երրորդ նախագահներից, ըստ Ղազարյանի, դրական ազդակներ կան։

Դիտարկմանը, որ Ռոբերտ Քոչարյանն արձակուրդում է, և, ըստ այդմ, չի մասնակցի հանրահավաքին, իսկ ի՞նչ սպասելիք կա երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից, Էդգար Ղազարյանն արձագանքեց՝ ասելով, որ չունի որևէ տեղեկություն, թե ով է մասնակցելու հանրահավաքին, ով՝ ոչ։

«Ովքեր հանրային հայտարարություններ են անում, իրենց մասով կարող եմ ասել, մյուս դեպքերը չգիտեմ»,- նշեց նա։

Հարցին, որ ընդդիմությունը նման հանրահավաքներ բազմաթիվ անգամներ անցկացրել է, երկու-երեք անգամ եղել են շուրջօրյա հանրահավաքներ, սակայն որևէ արդյունք չի եղել, արդյոք կհաջողի՞ այս հանրահավաքը, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարը պատասխանեց՝ նշելով, որ բոլոր դեպքերում անհնազանդության ակցիաներն իրենց դրական ազդեցությունն ունեցել են, և ինքը գրեթե բոլոր ակցիաներին մասնակցել է։

«Սա այդ շարժումների շարունակությունը չէ, այլ գալիս է համալրելու պայքարը։ Մենք չենք հակադրվում մյուսներին։ Ավելին, ես այդ հանրահավաքին հրավիրում եմ Նիկոլ Փաշինյանին, որ նա ելույթ ունենա այդտեղ։ Ես հրավիրում եմ նաև ՔՊ բոլոր անդամներին, որովհետև այս հանրահավաքի շահառուն ՀՀ քաղաքացին է»,- ասաց նա։

Եթե Փաշինյանը մասնակցի հանրահավաքին, ապա ելույթ կունենա մի պայմանով։ Էդգար Ղազարյանի խոսքով՝ Փաշինյանը պետք է կարդա այն նույն տեքստը, որը կարդացել է 2018 թվականին, որտեղ ասել է՝ ՀՀ-ն այլևս ժողովրդավարական երկիր է, պետք է ժողովուրդը որոշի՝ ինչ պետք է լինի մեր երկրում։



Նարե Գևորգյան