ՀՀ քաղաքացիների մուտքը Բուլղարիա արգելվա՞ծ է. ո՞վ է պատասխան տալու նվաստացումների և անմարդկային վերաբերմունքի համար  

ՀՀ քաղաքացիների մուտքը Բուլղարիա արգելվա՞ծ է. ո՞վ է պատասխան տալու նվաստացումների և անմարդկային վերաբերմունքի համար  

Քաղաքացիներին առանց բացատրության արգելել են մուտք գործել Բուլղարիա։ Վերջիններս MediaHub-ին պատմեցին, որ ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանատունը նախապես ստուգել է փաստաթղթերն ու դրանցում որևէ խնդիր չի եղել, ուստի տրամադրվել է մուտքի արտոնագիր։

Սակայն, Բուլղարիայի օդանավակայանում նրանց համար ոչ միայն խնդիրներ են առաջացրել, այլև պահել են անմարդկային պայմաններում։ 

«Եթե փաստաթղթերում որևէ խնդիր լիներ, վիզա չէին տրամադրի։ Ամեն ինչ նորմալ էր, տոմսերը՝ հետադարձով, հյուրանոցը նախապես ամրագրած, բոլոր վճարումները կատարված։ Երբ հասանք օդանավակայան «պասպորտ-կոնտրոլում» ասացին՝ «դուք սպասեք», ստուգեցին, իրերը նայեցին ու տարան չեզոք գոտի՝ անմարդկային պայմաններով։ Հայաստանից էլի կար քաղաքացի։ Առանց որևէ բացատրության կամ պատճառաբանության մեզ պահեցին այնտեղ»,- ասում է Սամվել Մարգարյանը։

Նրա խոսքով՝ իրենց հետ կատարվածը նախադեպ չէր, ուստի ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանատունը պետք է նախապես զգուշացներ հնարավոր խնդիրների մասին։ 

«Այնտեղ պատճառաբանում էին, թե՝ չկա երկիր մտնելու հիմքը։ Բայց ես Բուլղարիա էի գնում որպես տուրիստ, դա պարզ էր տոմսերից ու սահմանափակ օրերով ամրագրված հյուրանոցից, ես ո՛չ աշխատանքային այցով էի գնում, ո՛չ էլ ինչ որ առիթի համար, այլ որպես զբոսաշրջիկ, ով ուզում էր տեսնել Բուլղարիան։ Տարօրինակ էր, մտածում էին գնացել եմ իրենց երկրով ավելի հեշտ անցնելու եվրոպական այլ երկիր»,- ասաց նա։

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայի օդանավակայանում անմարդկային պայմաններում մնալուց հետո, հոգեպես, ֆիզիկապես ու ֆինանսապես տուժած ՀՀ քաղաքացիները զանգահարել են դեսպանատուն։ Այստեղից ասել են՝ «տեղյակ ենք, օգնել չենք կարող», սակայն ոչ մի արձագանք՝ Բուլղարիայում ՀՀ դեսպանատնից։ 

«Կանգնել էինք երկընտրանքի առաջ՝ կա՛մ մնալ մինչև մեր հետդարձի «ռեյսը», կա՛մ տոմս գնել այլ երկրով Հայաստան վերադառնալ։ Եթե կա խնդիր Հայաստանի ու Բուլղարիայի միջև, պետք է կարգավորվի, իսկ տուրիստներին ժամանակին տեղեկացնեն ռիսկերի և հավանական խնդիրների մասին։ Փաստորեն, էլի է եղել, բայց չի բարձրաձայնվել»,- նշեց Սամվել Մարգարյանը։

Նույն թռիչքով Բուլղարիա ժամանած ու նույն խնդրի առաջ է կանգնել նաև Երևանի բնակիչ Վաչագան Ղազարյանը։ 

«Ոչ մի հիմնավոր պատճառով չհիմնավորեցին Բուլղարիա իմ մուտքի արգելքը։ Սկզբից ասացին՝ «ստրախովկայի» հետ է կապված, ես դա ցույց տվեցի, ու քանի դեռ փաստաթղթերիս մեջ որևէ խնդիր չգտան, սկսեցին հարցուփորձ անել իմ ունեցած գումարի մասին։ Ասացի՝ «և՛ «քեշ» ունեմ, և՛ քարտիս»։ Սկզբից ասացին՝ «շատ է այդ գումարը, ու դու փորձում ես Բուլղարիայով անցնել եվրոպական այլ երկիր»։ Ես բացատրում էի, որ կինս, երեխաներս, աշխատանքս ու բիզնեսս Հայաստանում են, ես այլ երկրում ապրելու ցանկություն չունեմ, եկել եմ որպես զբոսաշրջիկ»։

Օդանավակայանից Ղազարյանը կապ է հաստատել Բուլղարիայում ՀՀ դեսպանի հետ։ Վերջինս ասել է, թե ոչնչով օգնել չի կարող։

«Տեսեք, իրենք դեսպանին տեղեկացրել են, իբր ես ասել եմ, թե ուզում եմ գնամ 3-րդ երկիր։ Ես բացատրում եմ, որ ամբողջ զրույցը տեղի է ունեցել տեսախցիկների առաջ, կարող եք նայել, ես նման բան չեմ ասել, դեսպանն էլ ասաց՝ «ոչնչով օգնել չեմ կարող»։ Սանիտարական պայմանների մասին խոսելն ավելորդ է։ Նույնիսկ «բուֆետ» գնում էինք իրենց ուղեկցությամբ, շատ անմարդկային ու կոպիտ վերաբերմունք են ցույց տվել, դուռը փակում էին, հետո պիտի խնդրեինք, որ բացեին»։ 

Սոֆիայի օդանավակայանում ՀՀ քաղաքացիներին սկզբից ասել են, թե կուղարկեն Հայաստան, սակայն, խոսքն իրենց հետդարձի տոմսերի մասին էր։ Հասկանալով, որ մեկ ժամ ավելի մնալն անհնար է, նրանք նոր տոմս են գնել ու Թուրքիայով վերադարձել Երևան։ 

«Դիմել եմ մեր ԱԳՆ-ին, ՄԻՊ գրասենյակին, առայժմ ոչ մի արձագանք։ Այնտեղ վիզայի կնիքի վրա գիծ են քաշել, ու հիմա չգիտեմ, դա արգե՞լք է այլևս դեպի Բուլղարիա կամ Եվրոպա, թե՞ ոչ»,- ասում է մեր զրուցակիցը։

ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանատան աշխատակիցը MediaHub-ին փոխանցեց, որ դեսպանությունը 2 երկրների միջև միջանկյալ՝ կապող կառույց է, ուստի Սոֆիայի օդանավակայանում սահմանապահների հետ ունեցած խնդիրների մասով մեկնաբանել չեն կարող։

«Մենք մեկնաբանություն տալ կարող ենք այն դեպքում, եթե քաղաքացին դիմել է՝ մերժել ենք, կամ պատշաճ չենք ներկայացրել, անմարդկային ենք վերաբերվել և այլն։ Խնդիրը դեսպանությունը չի առաջացրել, որ պարզաբանենք։ Օդանավակայանում սահմանապահների և քաղաքացիներ միջև առաջացած խնդիրը՝ դեսպանության տիրույթում չէ։ Քաղաքացիները դիմել են՝ մենք տրամադրել ենք մուտքի արտոնագիր. մեր աշխատանքի, վերաբերմունքի, ժամկետների հետ կապված ոչ մի խնդիր չեն ունեցել»,-հավելեց աշխատակիցը։

Ահա այսպես. Մարդիկ դիմում են դեսպանատուն, ծախս անում, գնում տոմս դեպի մի երկիր, որը որևէ խոչընդոտ չի դնում, բայց հասնելուն պես վռնդում, մինչ այդ մի լավ նվաստացնելով ու նյարդերը քայքայելով, բայց որևէ կառույց դրա համար պատասխանատու չէ:

Հունան Թադևոսյան