Լոռու մարզպետարանում չգիտեն, թե ինչպես հարցերին պատասխանեն

Լոռու մարզպետարանում չգիտեն, թե ինչպես հարցերին պատասխանեն

Մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով Լոռու և Տավուշի մարզերի մի շարք համայնքներ հայտարարվել էին աղետի գոտիներ: 

Լոռու և Տավուշի մարզերը համարվում են զբոսաշրջության սիրված ուղղություններ, հատկապես Լոռու այն հատվածը, որն ամենից շատ տուժեց:

Ամեն տարի, մասնավորապես՝ ամռանը, Լոռու և Տավուշի մարզեր հազարավոր զբոսաշրջիկներ են այցելում: MediaHub-ը կապ հաստատեց Լոռու մարզպետարանի լրատվական բաժնի հետ, հասկանալու, թե ի՞նչ իրավիճակ է Լոռում աղետից մեկ ամիս անց, արդյո՞ք մարզը կարող է զբոսաշրջիկներ ընդունել, արդյոք հաղթահարվել են բոլոր խնդիրները: Պատասխանատուների հետ՝ մարզպետի և փոխմարզպետի հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց, իսկ լրատվական բաժինն էլ, պարզվեց, «պատասխանատու չէ և չի կարող պատասխանել լրագրողի հետաքրքրող հարցերին»։

Այն, որ պետական կառույցներում աշխատում են մարդիկ, որոնք այնտեղ ուղղակի չպետք է աշխատեն, լրատվամիջոցների ներկայացուցիչները համոզվել են վաղուց: Երբեմն այնպիսի պատասխաններ ենք ստանում, որոնք, մեղմ ասած, զարմացնում են: Ամենից տարածվածներից է՝ «բայց ես ձեր հետ որպես լրագրող չէի խոսում»: Հերթական այդպիսի պատասխանը ստացանք նաև այսօր՝ Լոռու մարզպետարանի լրատվական բաժնից:

«Դուք կարծո՞ւմ եք, ես պետք է հարցերին պատասխանեմ, հարցազրո՞ւյց եք անցկացնում ինձ հետ... եթե ես լրատվական բաժնի մասնագետ եմ, ես ձեր հարցերին կարո՞ղ եմ պատասխանել»։

Այստեղ, իհարկե, մեծ սիրով լիկբեզ կանցկացնեինք սույն անձնավորության հետ, որը զբաղեցնում է տվյալ հաստիքը իրականում լրատվության հետ որևէ կապ չունենալով (իր իսկ պատասխանից այդպես է ստացվում) և կամ ընդամենը թելադրանքով ռելիզներ գրելու համար: Ավելին, ըստ ամենայնի, իր ղեկավարությունն իրենից չի ակնկալում և չի պահանջում: Բայց բացի իր ղեկավարությունից, կան լրագրողներ, որոնք էլ տվյալ անձի գործունեության շահառուներն են՝ մեզ հուզող հարցերը, այո՛, հենց ձեզ պետք է ուղղենք ու ստանանք պատասխան: Չպատասխանն էլ, ի դեպ, պատասխան է, բայց ոչ նման արձագանքը:

Հիշեցնենք տվյալ անձնավորությանը, ինչպես նաև Լոռու մարզպետին, որի ենթակայության տակ նա աշխատում է, որ լրատվամիջոցները հարցեր ունենալու դեպքում պատասխաններ կա՛մ տվյալ կառույցի պաշտոնյաներից, կա՛մ կառույցի լրատվական բաժնից են ստանում, իսկ Լոռու մարզպետարանում, փաստորեն, գործում է «ուղղակի լրատվական նյութեր ենք պատրաստում, դա է մեր գործառույթը» սկզբունքը։

Ի դեպ, մեզ հետաքրքրող հարցերից երկրորդին էլ Լոռու մազրպետարանից չկարողացան պատասխանել: Երկրորդ հարցը անցած տարվանից դեռ ուշադրության կենտրոնում ենք պահում, անգամ Լոռու նախկին մարզպետի հետ էինք զրուցել այս հարցի շուրջ: Խոսքը, մասնավորապես, Ստեփանավանից ստացվող ահազանգերի մասին է՝  քաղաքի փողոցների մի մասը ասֆալտապատած է, իսկ մյուս մասը գտնվում են քարուքանդ վիճակում, և տպավորություն է, որ Սպիտակի ավերիչ երկրաշարժը նոր է տեղի ունեցել:  

Դեկտեմբերին Լոռու նախկին մարզպետը MediaHub-ի հետ զրույցում հավաստիացրել էր՝ շուտով քաղաքի մյուս փողոցներում էլ կսկսվեն ասֆալտապատման աշխատանքները: Սակայն, MediaHub-ը տեղեկացավ, որ Ստեփանավանում այս իմաստով շատ բան չի փոխվել՝ փողոցները դեռ ասֆալտապատած չեն: Մեզ փոխանցեցին, որ առանձին փողոցներում ասֆալտապատման աշխատանքները նոր են մեկնարկել, բայց ի՞նչ մասշտաբի մասին է. պարզ չէ: Քանի որ նույն այդ լրատվական բաժնից մեր հարցին, թե ինչո՞ւ քաղաքի մի խաչմերուկը ասֆալտապատած է արդեն երկու տարի, իսկ մյուս խաչմերուկները՝ ոչ, պատասխան չստացանք․․․

Մարիաննա Արամյան