Ծով + ֆուտբոլ = անմոռանալի հիշողություններ. ո՞ր ուղղություններն են նախընտրում հայաստանցիները

Ծով + ֆուտբոլ = անմոռանալի հիշողություններ. ո՞ր ուղղություններն են նախընտրում հայաստանցիները

Ամառային հանգստի մեկնող յուրաքանչյուր անձ հետաքրքրված է Հայաստանում գործող տուրիստական գործակալությունների առաջարկներով: Ի՞նչ ուղղություններ են հայաստանցի զբոսաշրջիկների մոտ ակտուալ, ո՞ւր են ամենից շատ ՀՀ քաղաքացիները մեկնում հանգստի. այս հարցերի շուրջ  MediaHub-ը զրուցեց մի շարք գործակալությունների ղեկավարների հետ:

«For you travel» գործակալության տնօրեն Քրիստինե Առաքելյանի խոսքով՝ նախորդ տարվա համեմատ հայ զբոսաշրջիկներն ավելի շատ են սկսել նախընտրել մեկնել Աբու Դաբի՝ ԱՄԷ: Ընդ որում, Հայաստանից մեկնողների թվում են նաև ՌԴ քաղաքացիներ։

«ՌԴ շատ քաղաքացիներ ունենք, ովքեր փորձում են մուտք գործել շենգեն գոտու երկրներ: Այս տարի ՀՀ քաղաքացիները նաև շատ են նախընտրում  դեպի Կիպրոս ուղղությունը»,- ասաց նա։

Վերջին երկու տարիների շենգեն գոտու երկրների դեսպանատուն մտնելը բոլորիս համար դարձել է իրական խնդիր: Խոսելով դեսպանատան հերթերի մասին՝ Առաքելյանը նշեց, որ այն մարդիկ, ովքեր նախօրոք գիտեին, որ պետք է մեկնեն հանգստանալու, բավականին շուտ են պլանավորել այդ գործընթացը և այդ իմաստով շահեկան դիրքերում են՝ նյարդերը խնայել են, հերթերից հնարավորինս խուսափել: Իսկ ովքեր նախապես չէին ծրագրել ամառային հանգիստը և հիմա խնդրի առաջ են կանգնել, նրանց համար փոխարինող ուղղություն են գտնում:

«Սակայն վստահ կարող եմ ասել, որ հիմնական ուղղությունները, որոնք նախընտրում են մեր զբոսաշրջիկները՝ Եգիպտոս, Դուբայ, Հունաստան, պահպանում են իրենց ակտուալությունը նաև այս տարի»,- հավելեց Քրիստինե Առաքելյանը:

Հայաստանյան շուկայում նոր անուն հանդիսացող, բայց արդեն իսկ մեծ աժիոտաժ առաջացրած «Football fans tour» գործակալության տնօրեն Սենիկ Կարա-Պողոսյանն էլ ասաց, որ իրենց առաջարկած ուղղությունները, որոնք ներառում են ոչ միայն հանգիստ դասական իմաստով, այլև ֆուտբոլային հանդիպումների այցելություններ, մեծ պահանջարկ ունեն. գործունեության անցած 7-8 ամիսները դա են ապացուցել։

«Հիմնական ուղղությունները, որ մենք առաջարկում ենք՝ Իտալիա, Իսպանիա, Պորտուգալիա, իսկ նախընտրելի ուղղություներից են Մադրիդն ու Բարսելոնան, որոնք պայմանավորված են «Ռեալ» և «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբների  հետ»,- նշեց Սենիկ Կարա-Պողոսյանը։

Մեր զրուցակիցը նշեց, որ հայաստանյան զբոսաշրջիկների մոտ իսկապես մեծ հետաքրքրություն առաջացրեցին ֆուտբոլ+շրջագայություն/հանգիստ ձևաչափով առաջարկները, և արդեն  չորորդ մեծ խումբն եմ ուղարկում: 

«Սա մեզ ոգևորում է շարունակել նույն տեմպերով և հայաստանցի զբոսաշրջիկներին առաջարկել ոչ միայն տուրեր, որոնք ներառում են հանգիստ ու ֆուտբոլային հանդիպումներ, այլև փառատոնների և այլ նմանատիպ միջոցառումների մասնակցություն»,- շեշտեց նա:

«Shelby» տուրիստական գործակալության տնօրեն Մարինա Ավետիսյանը նշեց, որ այս պահին ունեն զբոսաշրջիկների մեծ հոսք, ամառային հանգստի սեզոնը թեժ ընթացքի մեջ է։

«Ֆավորիտների մեջ է Եգիպտոսը: Այս տարի, համեմատած նախորդ տարվա հետ, ավելի շատ են սկսել ճանփորդել Արաբական Միացյալ Էմիրություններ, բացի այս, առաջին անգամ Հայաստանից ունենք ուղիղ չվերթներ դեպի Մալդիվներ, որոնք պետք մեկնարկեն հուլիսի 5-ից, և որոնց պահանջարկը շատ մեծ է: Սա պայմանավորված է նաև նրանով, որ Մալդիվները վիզա չեն պահանջում»,- ասաց մեր զրուցակիցը։

Ավետիսյանը նշեց, որ մեծ հոսք կա դեպի Կիպրոս, որը որերորդ տարին է հայաստանցի զբոսաշրջիկների շրջանում ամենասիրելի ուղղություններից մեկն է։ Նա հավաստիացրեց՝ Կիպրոս մեկնելը հեշտացել է, քանի որ հյուպատոսարանը արագ է արձագանքում։

Վիկա Աբգարյան