8 ամիս դատարկված ու հայաթափված Ստեփանակերտում. Արցախից վերադարձած Օգոլցովը գիրք է գրում

8 ամիս դատարկված ու հայաթափված Ստեփանակերտում. Արցախից վերադարձած Օգոլցովը գիրք է գրում

Լուսանկարը՝ Sputnik Armenia-ի


8 ամիս դատարկված Ստեփանակերտում մնալուց հետո, արդեն մեկ ամիս է, Երևանում է Սերգեյ Օգոլցովը։ 

Ազգությամբ ռուս Արցախի քաղաքացին, մյուս 2 տասնյակ հայրենակիցների հետ հայաթափումից հետո մնացել էր այլ առաքելությամբ։ Նրա բարեկամը MediaHub-ին պատմեց, որ Օգոլցովը  8 ամիս գիրք է գրել` նկարագրելով պաշարումը, պատերազմը, գաղթն ու դատարկված Ստեփանակերտը։

Գրքի մեջ զետեղել է հայության նորագույն պատմության ամենադրամատիկ, ամենատպավորիչ ու հուզիչ պահերը. «Օգոլցովն անկեղծացել է, որ իր համար վճռական էր մնալ դատարկված քաղաքում, պետք է վավերագրեր գաղթից առաջ ու հետո իրավիճակը։ Սակայն, իր համար ամենածանր պահը եղել է այն ժամանակ, երբ վերջին ավտոբուսը Ստեփանակերտից մեկնել է Հայաստան»։ 

Մեր զրուցակիցը նաև նշեց, որ չնայած Օգոլցովին ցուցադրել են Ստեփանակերտի արդեն ադրբեջանական դարձած անձնագրային կետում, սակայն, նա չի հրաժարվել իր անձնագրից։ 

«Չի փոխել անձնագիրը, այդ տեղեկությունները սուտ են։ Ամիսներ անց իրեն առաջարկել են դառնալ Ադրբեջանի քաղաքացի, ստանալ կանաչ անձնագիր, բայց նա հրաժարվել է և ասել, որ այլևս չի ուզում մնալ այնտեղ։ Ադրբեջանցիները նրան տեղափոխել են Վրաստան, այնտեղից էլ եկել է Հայաստան։ Հիմա տանն է, ընտանիքի կողքին»,- ասաց մեր զրուցակիցը։

Սերգեյ Օգոլցովն Արցախում մնալու 8 ամիսներին տեղաշարժի սահմանափակում չի ունեցել։ 

«Ասում է՝ վատ չեն վերաբերվել, նույնիսկ գիտեին, որ ստեղծագործում է։ Ճիշտ է, շատ է փոխվել, մի տեսակ ծերացել է, մեջքի ցավեր ունի, բայց ընդհանուր վատ չէ»,- հավելեց մեր զրուցակիցը։ 

Նշենք, որ Սերգեյ Օգոլցովը դասախոսում էր Ստեփանակերտի համալսարանում: Նա Արցախից դուրս է եկել միայնակ, այնտեղ մնացել են ևս 3 կին և 11 տղամարդ։ Բոլորը հիմնականում տարեց, միայնակ մարդիկ են, Կարմիր խաչի հոգածության տակ...

Հունան Թադևոսյան