Փաշինյանը կյանքի է կոչում գերտերությունների գեոպոլիտիկ շահերը

Փաշինյանը կյանքի է կոչում գերտերությունների գեոպոլիտիկ շահերը

Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների բացման եռակողմ աշխատանքային խումբը զգալիորեն առաջ է գնացել համաձայնության հասնելու հարցում: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:


Հարավային Կովկասում տեղի են ունենում գործընթացներ, որոնց մասին ՀՀ հպարտ քաղաքացիները գրեթե տեղյակ չեն: Թե ինչ է քննարկում Փաշինյանն ու ՔՊ-ական թիմն Արևմուտքի և ՌԴ-ի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ՝ բարդ է ասել, սակայն այդ բանակցություններից հետո ՀՀ-ն ու Արցախը կրում են նորանոր ծանր կորուստներ:
Փաշինյանն ու թիմը հայ ժողովրդից թաքցնում են, թե ինչ գին ունի հայ-ադրբեջանական և հայ-թուրքական սահմանների բացումը. ապաշրջափակումը կարևոր է, սակայն պետք է գիտակցել, թե ինչ գնով: Այդ գինը կարող է լինել Արցախի վերջնական հանձնումն Ադրբեջանին և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից և հայոց պահանջատիրությունից հրաժարվելը:


Քանի դեռ ՔՊ-ն կուլիսային բանակցություններ է վարում թուրք-ադրբեջանական տանդեմի հետ, ՀՀ քաղաքացիները չեն կարող հանգիստ քնել՝ աչքի առաջ ունենալով նոյեմբերի 9-ի տխրահռչակ կապիտուլյացիոն փաստաթուղթը:


Գերտերություններն ունեն իրենց գեոպոլիտիկ շահերը Հարավային Կովկասում, այդ թվում ՌԴ-ն, ով ցանկանում է Ադրբեջանի և Հայաստանի տարածքով ցամաքային, ավտոմոբիլային և երկաթգծային կապ հաստատել Թուրքիայի հետ, ընդլայնելով իր տնտեսական կապերը: Սակայն հայ-թուրքական և հայ-ադրբեջանական սահմանների բացումը կարող է կործանարար լինել հայկական թույլ տնտեսության համար՝ ՔՊ-ն չի հաշվարկում, թե թուրքական կապիտալն ինչ արագությամբ կարող է զավթել հայկական տնտեսության մի շարք ճյուղեր:


ՀՀ-ին անհրաժեշտ է պետականամետ, ազգային իշխանություն, որը կշարժվի հայկական շահերով, այլ ոչ թե հնազանդ կկատարի գերտերությունների տարբեր պատվերներ:

Վահրամ Բագրատյան