Ո՞րն է ավելի կարևոր՝ մահապատժի վերադարձի հարցը, թե՞ բուհերի տեղափոխման. հարց նախկին նախարարին

Ո՞րն է ավելի կարևոր՝ մահապատժի վերադարձի հարցը, թե՞ բուհերի տեղափոխման. հարց նախկին նախարարին

Այսօր հայտնի դարձավ, որ պաշտոնից հեռացող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն առաջարկել է պետական դավաճանության համար մահապատժի ենթարկելու սահմանադրաիրավական հիմքեր ստեղծել: Սա, թերևս, Դավթյանի վերջին լավությունն է իշխանություններին, որոնց նա հլու-հնազանդ ծառայեց Հայաստանի համար ողբերգական այս տարիների ընթացքում:

Այն, որ սա հեռուն միտված քայլ է, որը վտանգավոր հիմքեր է իր մեջ պարունակում, ակնհայտ է՝ հերիք է միայն ընթերցել վերջին շաբաթների լրահոսը: Եվ խոսքն ամենևին էլ ԱԱԾ պաշտոնական հաղորդագրությունների մասին չէ, որով հանրությանը տեղեկացվում է, որ հերթական լրտեսն է բռնվել կամ պետական դավաճանության հերթական դեպքն է բացահայտվել:

Կարո՞ղ ենք ենթադրել, որ իշխանությունները նոր գործիքակազմ են նախապատրաստում նաև ընդդիմախոսների համար. կարող ենք: Հայաստանյան իրողությունները վկայությունն են այն բանի, որ արդարադատությունն ուղղակի ծառայում է Փաշինյանի իշխանությունը պահելու ու պահպանելու գործին: Իսկ ովքե՞ր են, ըստ այդ իշխանության, գլխավոր վտանգներն իրենց մեջ կրում: Ճիշտ է՝ հայրենասեր, Հայաստանին ու Արցախին նվիրված անձինք, որոնք, ի դեպ, գրեթե բոլորն այսօր անցնում են քրեական գործերով, ոմանց էլ զավեշտալի բովանդակությամբ մեղադրանքներ են առաջադրված: Թե ո՞ւր կարող են տանել այդ մեղադրանքները, առաջիկայում Հայաստանին ու Արցախին սպառնացող աղետալի սպասվող իրադարձությունների ֆոնին, դժվար չէ պատկերացնել՝ ՀՀ արդարադատության համակարգը, կրկնվենք, ոչ մի լավ սպասման հույս չի թողնում: Հետևապես այս փոփոխությունն էլ, որի մասին պաշտոնից հեռանալուց առաջ խոսեց Արթուր Դավթյանը, բնականաբար ո՛չ պատահական է, ո՛չ էլ հենց այնպես:

Բայց, օրինակ, ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանն այդպես չի կարծում: Վերջինս MediaHub-ի հարցին, թե ինչպե՞ս է գնահատում այն և ինչպես կմեկնաբանի, իրեն ոչ բնորոշ կերպով արձագանքեց.
«Տասներորդական նշանակության հարց է․ ավելի կարևոր բաներ կան, այս հարցն ինձ համար հետաքրքրական չէ, չեմ մեկնաբանում»:

Ամենայն հարգանքով, բայց պարզվեց, որ պարոն Դանիելյանի համար այս պահին ավելի կարևոր է, օրինակ, Երևանից բուհերի տեղափոխման հարցը, որին նվիրված նա մի մեծ ստատուս է դրել Facebook-ի իր էջում: Հասկանալի է, որ դա իր տիրույթն է ու իր որոշելիքն է, թե ինչի մասին այս պահին խորհի: Ինչպես և լրագրողի որոշելիքն է ինչ հարց տալ, որին դու կամ պատասխանում ես, կամ ոչ՝ առանց գնահատականներ հնչեցնելու:
Այո, պարոն Դանիելյանը մշտապես ձեռքը պուլսին է պահում, հետևողական արձագանքում երկրում տեղի ունեցող իրադարձություններին, բայց, թերևս, կխնդրեինք գնահատականներ չտալ, թե որ հարցը որ տեղում է: Դա իր սուբյեկտիվ կարծիքն է:

Առավել ևս, որ, ի վերջո, ինքն էլ միամիտ չէ հասկանալու համար, որ այս փուլում մահապատժի վերադարձի մասին խոսակցությունները գուցե և զոնդաժի համար են դաշտ շպրտվել, բայց հաստատ հենց այնպես չեն ու հղի են անկանխատեսելի հետևանքներով՝ հաշվի առնելով, թե ովքեր են երկրի ղեկին:

Լիա Խոջոյան