Ադրբեջանի նպատակն է ՀՀ-ն վերածել «failed state»-ի

Ադրբեջանի նպատակն է ՀՀ-ն վերածել «failed state»-ի

Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի երկրորդ նիստը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:

ՔՊ-ականները շարունակում են Ադրբեջանի հետ կուլիսային բանակցությունների պրակտիկան, երբ հանրությանը «դոզավորված» տեղեկատվություն է տրամադրվում՝ մամուլի հաղորդագրությունների տեսքով, ինչից հետո հայաթափվում է Բերձորը, իսկ ապագայում նաև այլ շրջաններ: Ադրբեջանը ՔՊ-ից պահանջելու է այսպես կոչված «ադրբեջանական անկլավներն» ու Զանգեզուրի միջանցքը, ինչին Փաշինյանն ու նրա պարգևավճարների սիրահար թիմը չեն դիմադրելու:

Հայաստանն ու Արցախը կործանվում են, քանի որ գերտերություններին ձեռնտու է ՔՊ-ական իշխանությունը, որը պատրաստ է հանուն իշխանության կատարել ցանկացած հրահանգ, իսկ թուրք-ադրբեջանական տանդեմի համար ՀՀ այսօրվա իշխանություններն ամենահարմար գործընկերներն են:

Ադրբեջանի նպատակն է ՀՀ-ն վերածել «failed state»-ի՝ ռազմա-քաղաքական, ժողովրդագրական, տնտեսական, սահմանների կոնֆիգուրացիայի առումով, որպեսզի ՀՀ-ն այլևս երբեք հնարավորություն չունենա ազատագրել Արցախի օկուպացված շրջաններն ու Շուշիում կրկին ծածանի հայկական դրոշը:

ՔՊ-ի համար թիվ մեկ խնդիրն իշխանության պահպանումն է ցանկացած գնով՝ արտաքին ճակատում զիջումներով, իսկ ներքաղաքական դաշտում ընդդիմության դեմ ճնշումներով և վարչական, ուժային լծակներով:

Վահրամ Բագրատյան