Ադրբեջան-Փաշինյան «խաղաղության դարաշրջանի» նոր փուլը մեկնարկում է Բրյուսելում

Ադրբեջան-Փաշինյան «խաղաղության դարաշրջանի» նոր փուլը մեկնարկում է Բրյուսելում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են օգոստոսի 31-ին Բրյուսելում նախատեսված Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը: Կողմերը կարևորել են երկխոսության շարունակականությունն ու հույս հայտնել, որ բանակցությունները կլինեն արդյունավետ:

Ադրբեջան-Փաշինյան «խաղաղության դարաշրջանը», որն իրականում աղետ է հայ ազգի և հայոց պետականության համար, շարունակվում է: ՔՊ-ն և նրա առաջնորդը նոր «կապիտուլյացիոն» փաստաթուղթ են նախապատրաստում այս անգամ Բրյուսելում՝ Արևմուտքի «քավորությամբ»: 

Փաշինյան-Ալիև հանդիպումներից հետո ՀՀ-ն ու Արցախը կրում են նորանոր կորուստներ, ինչի մասին ՀՀ քաղաքացիներն իմանում են արդեն պոստ-ֆակտում, երբ ամեն ինչ ստորագրված է և հանձնված: Դրան հետևում են ՔՊ-ականների «մտքի գոհարները», որ Փաշինյանն ոչինչ էլ չի զիջում և «չար նախկիններն» են ամեն ինչում մեղավոր:

Քանի դեռ Փաշինյանն ու թիմը ՀՀ-ում իշխանության են, ՀՀ-ն ու Արցախն ունենալու են մարդկային ու տարածքային կորուստներ, իսկ Ալիևը պահանջելու է Սյունիքն ու Երևանը:

ՔՊ-ն պատրաստ է «այո» ասել Ադրբեջանի և Թուրքիայի ցանկացած պահանջին, նրանք անգամ չեն էլ փորձում դիմադրության իմիտացիա անել, քանի որ հասկացել են, որ ՀՀ քաղաքացիները փողոց դուրս չեն գալու Փաշինյանին տապալելու համար, իսկ գերտերություններին ձեռնտու է ՀՀ «անատամ» իշխանությունների գոյությունը:

Այսպիսով, ՀՀ քաղաքացիները պետք է պատրաստ լինեն «բրյուսելյան աղետին», երբ Ալիևը հայտարարելու է, որ նորանոր զիջումներ է կորզել ՀՀ-ից, իսկ Փաշինյանն ու թիմն իրենց հազարավոր ֆեյքերով և ՔՊ-ական պատգամավորներով հերքելու են զիջումների մասին լուրերը:

Վահրամ Բագրատյան