Ի՞նչ է նախապատրաստում իշխանությունը

Ի՞նչ է նախապատրաստում իշխանությունը

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 
«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության անդամ Էդուարդ Աղաջանյանն է։ Նրա բերանով իշխանությունը երեկ հնչեցրել է մի «գաղափար», որը կարող է «նախադրյալներ» ստեղծել լայնամասշտաբ ռեպրեսիաների համար։

Ի՞նչ է ասել Աղաջանյանը

«Վերջին օրերի ընդդիմության բոլոր ակցիաներն առանց բացառության  ուղղորդվում են վերջիններիս քաղաքական հայացքները չկիսող մեր քաղաքացիների նկատմամբ հոգեբանական և ֆիզիկական բռնություններով։ Ըստ այդմ, իրավապահ մարմինների կողմից քննվող գործերը պետք է քննվեն ոչ թե որպես խուլիգանական հատկանիշներ պարունակող իրարից առանձին դրվագներ, այլ որպես մեկ ընդհանուր գործընթացի բաղկացուցիչ կտորներ, այն է՝ հանցագործ խմբավորման կողմից հետևողականորեն և մտածված հասարակության նկատմամբ իրականացվող տեռորի դրսևորումներ, վերոգրյալից բխող համապատասխան քրեաիրավական հետևանքներով»,- երեկ ասել է Աղաջանյանը։
Նրա այս խոսքերի մոտիվը եղել է մի տեսանյութ, որտեղ պատկերված է, թե ինչպես են ակցիայի մասնակից երիտասարդները Գյումրիում քաշքշում տարեց մի մարդու։ Ի դեպ, այս միջադեպը՝ մասնավորապես, բռնությունն՝ ընդհանրապես, դատապարտվել է ընդդիմության մի շարք առաջնորդների կողմից։
Մյուս կողմից, դժվար չէ չնկատել, որ այս միջադեպերը բոլոր դեպքերում սադրում է իշխանությունն՝ ընդդիմության հավաքների ուղարկելով հրահրված մարդկանց։

Նախապատրաստվում են ռեպրեսիաներ

Ուշադրություն դարձրեք՝ Աղաջանյանն ընդդիմությանը անվանում է «հանցագործ խմբավորում» ու իրավապահներին առաջարկում է ոչ թե կոնկրետ միջադեպեր քննել, այլ միջոցներ ձեռնարկել «հանցագործ խմբավորման» դեմ։ Նման հռետորաբանությունը ենթադրում է, որ առաջիկա օրերին իշխանությունը նախապատրաստում է տոտալ ռեպրեսիաներ ու դրա «բանբերը» Էդուարդ Աղաջանյանն է։ Այսքանով ամեն ինչ ասված է։

Վահրամ Բագրատյան