Ղազախստանի ապտակը. Տոկաև-Ալիև սիրախաղի բիզնես երանգավորումներն ավելի են ընդգծվում

Ղազախստանի ապտակը. Տոկաև-Ալիև սիրախաղի բիզնես երանգավորումներն ավելի են ընդգծվում

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հերթական հակահայ դիրքորոշմամբ է հայտարարությամբ է հանդես եկել՝ ևս մեկ անգամ շնորհավորելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Արցախյան վերջին պատերազմում հաղթանակի կապակցությամբ:
Ալիևի հետ բանակցություններից հետո նա, հանդես գալով ԶԼՄ-ների համար հայտարարությունով, մասնավորապես ասել է.
«Ցանկանում եմ հատուկ նշել, որ փառահեղ կերպով վերականգնելով իր տարածքային ամբողջականությունը, Ադրբեջանն իր զարգացման նոր փուլն է թևակոխել: Մենք նաև տեսնում ենք, որ դինամիկ կերպով վերածնվում է Ղարաբաղն ու Արևմտյան Զանգեզուրը: Ձեր անձնական ջանքերի շնորհիվ մոտ ապագայում այս տարածաշրջանը կդառնա բարգավաճող շրջան, և դրանում որևէ կասկած չկա»:
Հայաստանի համար Տոկաևի նման հայտարարությունները, թերևս, անակնկալ չեն, քանզի առաջին անգամ չէ, որ Ղազախստանի պաշտոնյաների խոսքերը հակահայկական, ընդգծված պրոադրբեջանական շեշտադրումներով են առանձնանում: Զգացմունքայնությունը քաղաքական կատեգորիա չէ, բայց միևնույն է տհաճորեն անակնկալի ես գալիս, երբ Եվրասիական տնտեսական միությունում և ՀԱՊԿ-ում ՀՀ գործընկեր Ղազախստանի նախագահն այսքան բացահայտ է ուրախանում քո դժբախտությանն ու չսպիացող ցավին: Երբ հստակ պատկերացում ունի, որ Բաքվի բանտերում հենց այդ նույն անձի ձեռամբ, ում նա գովերգում ու շնորհավորում է, դեռ տասնյակ, եթե ոչ հարյուրավոր հայ ռազմագերիներ կան: Ու նրա ուղիղ հրահանգով ավերվում է պատմական, մշակութային ժառանգությունը հենց այն տարածքներում, որոնք Ալիևը օկուպացրել է ու Տոկաևն էլ «բարգավաճ ապագա է» կանխատեսում:
Այնպես չէ, որ հայ-ղազախական բարձր մակարդակի հանդիպումների ժամանակ այս հարցը չի բարձրաձայնվել: Այդպես, 2021 թվականի մայիսին, երբ Նիկոլ Փաշինյանն ընդունեց Ղազախստանի նորանշանակ դեսպանին, նա վերջինիս ուշադրությունն էր հրավիրել Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում, Ադրբեջանի կողմից հայկական պաշտամունքի վայրերի և հուշարձանների ոչնչացման քաղաքականության վրա՝ ընդգծելով, որ միջազգային առաջադեմ հանրությունը պետք է ջանքեր գործադրի վանդալիզմի այդ դրսևորումները կանխարգելելու համար: Սա ըստ պաշտոնական հաղորդագրության, որում չի արտացոլվում դեսպանի արձագանքը:
Փոխարենն այն հստակ արտացոլվում է երկրի ղեկավարի ու Իլհամ Ալիևի չափազանց ջերմ (2021-ին այդ «ջերմությունն» արտացոլվել է շուրջ $300 մլն առևտրաշրջանառության ցուցանիշով) շփումներում, երբ ամեն անգամ Տոկաևն առիթը բաց չի թողնում շնորհավորել ու ուրախանալ Բաքվի բռնապետի հաջողություններով, իսկ երբեմն էլ քծնել, ինչպես, թեկուզ, այսօր, երբ շնորհավորանքները հղելուց հետո նա նաև իր երկրի տնտեսական շահը հերթական անգամ փորձեց առաջ քաշել.
«Ղազախստանն իր հերթին պատրաստ է զգալի ներդրում ունենալ այդ բարի գործում: Այսօր կայացել է մեր ընծայի շնորհանդեսը: Ղազախստանի ժողովրդի անունից հաջորդ տարեվերջին Ֆիզուլիում արվեստի դպրոց կկառուցվի»,- մասնավորապես ասել է նա: Եվ սա միակ բիզնես-պրոեկտը չի, որ Ղազախստանը ծրագրում է իրականացնել օկուպացված Արցախում:
Այստեղ հարկ է հիշել, որ Տոկաևը ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի ընկերն է, ավելի ճիշտ կլինի ասել՝ Սարգսյանների ընտանիքի բիզնես գործընկերը, ինչի մասին մամուլը՝ թե՛ հայաստանյան, թե՛ ռուսաստանյան, բազմիցս գրել է: Սարգսյանը, հիշեցնենք, նախագահ էր 44-օրյա պատերազմի օրերին ու նաև դրանից հետո, բայց անգամ դա չմեղմեց իր ընկերոջ հակահայ շեշտադրումները:
Սպասել, որ հիմա դա տեղի կունենա այս իշխանությունների օրոք, որոնք ամեն ինչ անում են, որպեսզի Ադրբեջանը հնարավորինս արագ (քանի իրենք իշխանության են) ստանա ամենն, ինչ ցանկանում է ու դեռ մի բան էլ ավելի, միամտություն կլիներ: Պարզապես անտեսել էլ այն, որքան բացահայտ է մեր գործընկեր պետությունը սիրահետում մեր թշնամուն, չի ստացվում:
Լիա Խոջոյան