ՔՊ-ն Երևանը դարձնում է «հակառուսական ակցիաների» հարթակ

ՔՊ-ն Երևանը դարձնում է «հակառուսական ակցիաների» հարթակ

Երևանում հերթական հակառուսական երթն է նախատեսված, որի նախաձեռնողը իրականում «Սասնա ծռեր» կուսակցությունն է: ՌԴ և Ուկրաինայի մի խումբ քաղաքացիներ, «Սասնա ծռերի» ուղղորդմամբ, բողոքի երթ կանցկացնեն, ինչպես նաև որոշակի պահանջներ կներկայացնեն ՀՀ ռազմավարական դաշնակցի դիվանագիտական ներկայացուցչությանը:

ՔՊ-ի թույլտվությամբ Երևանը վերածվում է «հակառուսական պլացդարմի», որտեղ արևմտյան տարբեր կենտրոններից ուղղորդվող և ֆինանսավորվող իբր քաղաքական ուժերը սեպ են խրում հայ-ռուսական դաշնակցային, բարեկամական հարաբերությունների մեջ: ՔՊ-ն, իհարկե, ամեն ինչ քողարկում է երթերի, խոսքի ազատության մասին հայտարարություններով, սակայն չկարողանալով սեփական շուրթերով հակառուսական կոչեր հնչեցնել՝ ՀՀ գործող իշխանություններն օգտագործում են իրենց սատելիտներին կամ պսեվդոընդդիմադիր ուժերին:

ՀՀ ռազմավարական թիվ մեկ դաշնակից ՌԴ-ն այս պահին ռազմական գործողություններ է իրականացնում Ուկրաինայի տարածքում, գեոպոլիտիկ սուր պայքար է ընթանում Արևմուտքի և ՌԴ-ի միջև և ՀՀ-ն պետք է ունենար կամ ռուսամետ դիրքորոշում՝ հայ-ռուսական դաշնակցային ոգուն համապատասխան կամ դիվանագիտական ճկունություն դրսևորելով չեզոք դիրքորոշում որդեգրեր, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ուկրաինայում բնակվում է նաև մեծաթիվ հայ համայնք, հայ-ուկրաինական տնտեսական և այլ շահերը:

Սակայն ՔՊ-ն որոշել է հարթակ տրամադրել արևմտամետ, հակառուսական ուժերին և շարժումներին այն պարագայում, երբ միայն ՌԴ-ի շնորհիվ է, որ այսօր Արցախն ու Սյունիքը հայկական են և 44-օրյա պատերազմը չի ավարտվել Երևանի մատույցներում:

Քաղաքական պրագմատիզմը, չնայած ՔՊ-ն անգամ չգիտի, թե դա ինչ է, թելադրում է, որ ՀՀ-ն չպետք է Մոսկվայում դիտարկվի որպես հակառուսական շարժումներ խրախուսող երկիր, Երևանի փողոցներում չպետք է հնչեն հակառուսական կոչեր և վիրավորանք՝ ուղղված Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը:

Այդպիսի քայլերն ունենալու են ՀՀ-ի համար ցավոտ հետևանքներ. ՔՊ-ն, իհարկե, չի մտածում Հայաստանի ու հայ ժողովրդի երկարաժամկետ ռազմավարական շահերի մասին, այլ ցանկանում է, ականջալուր լինելով տարբեր արևմտյան դեսպանատներին, թույլատրել հակառուսական ակցիաների անցկացումը Երևանում, դա «լղոզելով» և իր համար ալիբի ստեղծելով  «խոսքի ազատության, երթերի ազատության» վրա հղումներ կատարելով:

Վահրամ Բագրատյան