«Մենթավարի» ծեծ

«Մենթավարի» ծեծ

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ Հայաստանի ՆԳ նախարար Վահե Ղազարյանն է, որի ենթականերն իրենց պահում են «ղասաբի» նման: 

Ի՞նչ է տեղի ունեցել 

Երեկ համացանցում տարածվեց մի տեսանյութ, որտեղ ոստիկանի համազգեստով մեկը դաժան ծեծի էր ենթարկում մի պատանու: Անչափահաս պատանուն խոշտանգողը Դիլիջանի բաժնի քրեականի պետն է: Նրան ու նրա հաստավիզ շեֆերին պաշտոնանկ անել է պետք: Ասածս նաև Ղազարյան Վահեին է վերաբերում:
Բայց 17 տարեկան տղային հարվածներ հասցնելու համար Դիլիջանի ոստիկանության քրեականի պետ Արսեն Ղայթմազյանը քրեական հետապնդման չի ենթարկվել, քանի որ զղջացել է։ Այս որոշումը կայացրել է դատախազությունը։

Ապրիլին տեղի ունեցած դեպքի մասին իրավապահները բացատրություններ տվել են միայն երեկ, երբ համացանցում տարածվել է միջադեպի տեսագրությունը։ Անձայն կադրերում երևում է, թե ինչպես է հարբած ոստիկսնը հարվածներ հասցնում հյուրանոցային համալիրի մատուցողին։

Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ֆիզիկական ներգործության հոդվածով, անչափահաս տղային տուժող է ճանաչել։ Բայց քանի որ բարձրաստիճան ոստիկանը զղջացել է, իսկ տղան էլ մարմնական վնասվածքներ չի ստացել, դատախազությունը որոշել է մեղադրանք չառաջադրել Արսեն Ղայթմազյանին։

Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի լիազորությունները մայիսի 5-ից ժամանակավորապես դադարեցվել են։
Փաստորեն, այսքանով է սահմանափակվել բարձրաստիճան ոստիկանի «պատիժը»: 

Արժանապատիվ հասարակության պահանջ 

Եթե մեր հասարակությունն արժանապատվություն ունի, ապա պետք է պահանջի քրեական հետապնդում Դիլիջանի քրեականի պետի դեմ: Սակայն պետք է հնչեցվի նաև ՆԳ նախարար Վահե Ղազարյանի հրաժարականի պահանջ, որի ղեկավարած ոստիկանությունը վերածվել է Փաշինյանի թիկնազորի՝ ստանալով վայրագություններ գործելու «կանաչ լույս»:

Վահրամ Բագրատյան