Ադրբեջանը դիմել է անթույլատրելի մոլորեցնող մեթոդների. Սիրանուշ Սահակյան

Ադրբեջանը դիմել է անթույլատրելի մոլորեցնող մեթոդների. Սիրանուշ Սահակյան

Բարդ է ասել՝ ադրբեջանական կողմը հարվածի տակ է դրել խաղապահների հեղինակությունը և տվյալները թաքցնելով են իրականացրել, թե տեղեկություն են տվել, համաձայնացրել են և ուղղակի հանրությունից են թաքցնում այս տեղեկատվությունը: Սակայն բոլոր դեպքերում նրանք խախտել են մի շարք օրենքներ: Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, Համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար, փաստաբան Սիրանուշ Սահակյանը՝ մեկնաբանելով Լաչինի միջանցքից երեք հայ արցախցիների առևանգման դեպքը:

«Ակնհայտ է, որ Ադրբեջանը Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ կոնտինգենտի միջոցով է տեղեկացել, որ իր կողմից հետախուզվող անձինք գտնվում են Արցախում և փոխարենը Արցախի իշխանությունների հետ համագործակցելը՝ չարաշահել է կոնտինգենտի լիազորությունները, մանդատը և մարդասիրական նկատառումներից ելնելով տեղափոխում իրականացնելիս այս մարդկանց բերել է իր տարածքային իրավազորության ներքո, որտեղ հարկադրանք է կիռառել: Այսինքն, Ադրբեջանը դիմել է անթույլատրելի մոլորեցնող մեթոդների: Ադրբեջանը պետք է դիմեր հանձնման խնդրանքով կա՛մ Արցախի իշխանություններին, կա՛մ Ռուսաստանին", - նշեց Սիրանուշ Սահակյանը:
Ըստ Սիրանուշ Սահակյանի, Ադրբեջանը մոլորեցնելու կամ համագործակցության ճանապարհով հասել է ապօրինի արտակարգ արտահանձնման: ՀՀ-ի դերը այս պարագայում նվազագույնն է, քանզի նրա հնարավորությունները սահմանափակ են: Ըստ փաստաբանի, ՀՀ-ն կարող է միայն դիվանագիտական ճանապարհով բարձրաձայնել խնդրի մասին միջազգային հանրությանը և կառույցներում:

"Առևանգումն ինքնին հանցագործություն է: Այն, որ Ադրբեջանը մաշտաբային մարդու իրավունքների խախտումներ է թույլ տալիս և ներգրավված է նաև պատերազմական ռազմական հանցագործություննորի կատարման մեջ նորույթ չէ: Կարծում եմ, պետք է հասկանալ, թե ինչ մեխանիզմներ պետք է ստեղծվեն, որպեսզի զսպվի կամ սահմանափակվի ադրբեջանական այս քաղաքականությունը, որը հատկապես ընդգծված է հայերի նկատմամբ, բայց որի զոհ են նաև Ադրբեջանի քաղաքացիները: Դա համակարգային խնդիր է, որի լուծումները սերտորեն կապված են Ադրբեջանի ժողովրդավարացման հետ, ինչի իրագործումը չի ուրվագծվում", - շեշտեց փաստաբանը:

Գեղեցիկ Մանուկյան