Զախարովայի «ապտակը» Փաշինյանին

«Կցանկանայի հիշեցնել, որ Լաչինի միջանցքում ներկայիս իրավիճակը Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու հետևանք է»,- օգոստոսի 30-ի ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Լաչինի անցակետում տեղի ունեցած վերջին միջադեպին, երբ ադրբեջանցիները ձերբակալել են հայ երիտասարդներին։
Անշուշտ, Մոսկվայի քաղաքականության մոտիվները բազմաշերտ են ու պետք չէ պարզունակ դիտարկել Զախարովայի հայտարարությունը: Այստեղ, անշուշտ, գոյություն ունի նաև դիվանագիտական մանիպուլյացիայի բաղադրիչ, ինչը ենթադրում է Երևանի վրա թողնել ամբողջ պատասխանատվությունը մի իրավիճակի, որը նաև Մոսկվայի անգործության կամ որոշակի քաղաքականության հետևանք է:
Սրանով հանդերձ, Զախարովայի հայտարարությունն օբյեկտիվ է, որովհետև Նիկոլ Փաշինյանը հենց Արևմուտքի հորդորով իջեցրեց նշաձողը ԼՂ կարգավիճակի հարցում, անցած տարվա հոկտեմբերի 6-ին Պրահայում անվերապահորեն ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:
Փաշինյանը գործել է, այսպես կոչված, արևմտյան միջնորդական հարթակների խաղի կանոններով, միակողմանի բավարարել է Բաքվի օրակարգը՝ փոխելով Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ձևավորված համատեքստը, սակայն որևէ երաշխիք չստանալով Հայաստանի անվտանգության, Արցախի սուբյեկտության և նրա ժողովրդի անվտանգության համար:
Սա իրականություն է, որի մասին այսօր բացահայտ խոսում են Մոսկվայում, վաղն, անշուշտ, կխոսեն նաև Բրյուսելում և Վաշինգտոնում:
Վահրամ Բագրատյան