Ֆրանսիայի գործողություններն ուղղված են Թուրքիային տարածաշրջանում զսպելուն․Մելքոնյան 

Ֆրանսիայի գործողություններն ուղղված են Թուրքիային տարածաշրջանում զսպելուն․Մելքոնյան 

Արցախյան հարցը մնում է Ֆրանսիայի օրակարգում, և դա մեծապես պայմանավորված է այդ երկրում հայկական կազմակերպությունների ակտիվ գործունեությամբ, առաջին հերթին ՝ Դաշնակցության: Այս մասին  MediaHub-ի հետ զրույցում ասաց «Հայկական նախագծի» համահիմնադիր, «Ապրի» վերլուծական կենտրոնի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանը:

Ֆրանսիայի հայ համայնքի առաջնորդը ուղիղ հանդիպումներ է ունենում երկրի ղեկավարի հետ, ինչպես նաև Ֆրանսիայի տարբեր քաղաքների քաղաքապետերի։ Սա խոսում է այն մասին, որ հայ համայնքը կարողացել է առաջ մղել այդ հարցը և ցույց տալ, որ իսկապես հումանիտար աղետ է Արցախում և, համապատասխանաբար, որոշակի արձագանք է պահանջվում։ 

«Ֆրանսիան ձգտում է ամուր դիրքեր ունենալ բանակցային գործընթացում: Ոչ թե տարածաշրջանում ազդեցության գոտի ունենալն է իր նպատակը, այլ Եվրամիությունը Ֆրանսիային համարում է Ռուսաստանի ազդեցությունը թուլացնելու հնարավոր գործիքներից մեկը։ Եթե Ֆրանսիան դառնա խաղաղ գործընթացի հիմնական միջնորդներից մեկը, համապատասխանաբար, ռուսական ջանքերն ու ազդեցությունն այստեղ նվազագույն կլինեն»,- ասաց նա։ 

Ֆրանսիայի համար, շարունակեց մեր զրուցակիցը, այս քայլերը Թուրքիային զսպելու արտաքին քաղաքական ռազմավարության մի մասն են, ուստի Ֆրանսիան պատրաստ է մի շարք հարցերում համաձայնության գալ և աջակցել Հայաստանին։ Այս պահի դրությամբ և՛ արցախյան հարցը, և՛ Զանգեզուրի միջանցքի հարցը Ֆրանսիայի կողմից հայանպաստ դիրքորոշում ունեն։ Ֆրանսիան սկսել է ակտիվ դիվանագիտական հարձակում, ասաց Մելքոնյանը, օրինակ ՝ Ֆրանսիան փաստացի ունի 3 ռազմական կցորդ իր դեսպանատանը։ Ինչպես նաև ունենք Ֆրանսիայի նորանշանակ դեսպան, ով նախկինում գլխավորել է Իրաքում Էրբիլի գլխավոր հյուպատոսությունը։ 

«Այս բոլոր քայլերից երևում է, որ Ֆրանսիան կատարել է որոշ հետևություններ, որից հետո և՛ քանակապես, և՛ որակապես ցանկանում է մեծացնել իր ազդեցությունը Հայաստանում»,- հավելեց Մելքոնյանը։ 

Ի՞նչ կփոխվի: Սերգեյ Մելքոնյանի խոսքով, իրականում խաղասեղանին քիչ բան է փոխվելու այս քայլերից հետո, որովհետև, օրինակ, Կոռնիձոր հումանիտար օգնությունը բերելուց հետո հարց է առաջանում՝ իսկ ո՞վ իսկապես կարող է հասցնել բեռները Արցախ։ 

«Ադրբեջանը ֆրանսիացիներին հավանաբար թույլ չի տա մուտք գործել ԼՂ տարածք։ Հարցն այն է, որ նրանք կարող են գեղեցիկ շոու ստեղծել և մատուցել հանրությանը, որքան էլ դա ցավալի չհնչի այժմյան պայմաններում։ Խաղաղապահներից տարիներ շարունակ օգնություն է ցուցաբերվել, հարյուրավոր տոննաներով կանոնավոր շարասյուններ են գնացել Արցախ։ Այդ ամենի հետ մեկտեղ լուսանկարներ, ռեպորտաժներ, ոգևորություններ չեն եղել, որովհետև այդ ամենն ընդունված է եղել առանց որևէ քաղաքական ենթատեքստի, առանց ռուսական որոշ քաղաքական շրջանակների ներկայացուցիչների։ Այս պահի դրությամբ Լաչինի միջանցքի մոտ հումանիտար կայան են տեղակայում, որը հեռանկարային առումով դիտարկելիս, կարելի է ենթադրել, որ կվերածվի փախստականների ճամբարի։ Ֆրանսիան կարող է առաջարկել մարդկանց այդտեղ մուտք գործել և շահարկել, որ Ադրբեջանը թույլ չի տալիս օգնությունը հասցնել տեղ, ապա մարդիկ կարող են մոտենալ, ստանալ օգնություն և հետ վերադառնալ Արցախ։ Ֆրանսիան պետք է գտնի մի բանաձև, որի միջոցով կկարողանա կարգավորել այդ գործընթացը, սակայն դեռ պետք է համաձայնեցվի ամենը ռուս խաղաղապահների հետ և Ռուսաստանի արձագանքը նույնպես պետք է հաշվի առնել»,-եզրափակեց Մելքոնյանը։ 

Մարիա Զարգարյան