Կանադայի վարչապետը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը

Կանադայի վարչապետը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը

Կանադայի վարչապետ, իշխող Ազատական կուսակցության ղեկավար Մարկ Կարնին ոգեկոչել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը։

Մարկ Կարնիի հայտարարությունը տարածել է կուսակցությունը։

«Այս ապրիլի 24-ին ես միանում եմ տասնյակ հազարավոր կանադահայերին և ամբողջ աշխարհի միլիոնավոր հայերին՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը»։

Վարչապետը նշել է, որ 1.5 միլիոն հայեր սպանվել են վայրագությունների ժամանակ, որոնք «համակարգված կերպով ծրագրվել և իրականացվել են Օսմանյան կայսրության կողմից»։ 

Կանադայի վարչապետն աջակցել Հայոց ցեղասպանությունը վերապրածներին՝ ընդգծելով, որ նրանք քաջություն են ունեցել հաղթահարել իրենց կյանքի անհավանական դժվարություններն ու կառուցել իրենց համայնքներն ու հաստատոիթյունները։

Կարնին դատապարտել է Ցեղասպանության ​​ժխտումը։

«Չնայած 110 տարի է անցել, այս Ցեղասպանությունը շարունակում է ակտիվորեն ժխտվել դա իրականացրած հանցագործների կողմից, հայ ժողովուրդը շարունակում է բախվել հալածանքների և ճնշումների: Դա ողբերգականորեն դրսևորվեց 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից ավելի քան 120,000 բնիկ հայերի բռնի տեղահանմամբ՝ ամիսներ տևած անօրինական շրջափակումից հետո, որը զրկեց նրանց իրենց ամենահիմնարար իրավունքներից։ Այս կարևոր օրը հիշատակելիս՝ մենք հիշում ենք նրանց, ովքեր զոհվեցին և պարտավորվում ենք կառուցել ավելի ուժեղ, ավելի հանդուրժող Կանադա՝ զերծ խտրականությունից և ատելությունից»,– ասված է հայտարարության մեջ։