Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային Սոցիալական ոլորտ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

ԿԳՄՍՆ-ն Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության հայեցակարգ է մշակել. ինչի՞ մասին է այն

Blog Image

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը e-draft.am-ում ներկայացրել է «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության» հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։

Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում այս անհասկանալի անվանումով, բայց ակնհայտ նիկոլական քաղաքականությունը մատնանշող հայեցակարգը։ 

Ըստ ԿԳՄՍՆ-ի՝ «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության» հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետության հետագա զարգացումն ու պետականության ամրապնդումը պետք է հիմնվի նաև Հայաստանի Հանրապետության բովանդակության արտահայտման և դրսևորման գեղագիտական ձևերի վրա, որոնց հստակ ձևակերպումը և այդ ձևերի խրախուսման քաղաքականությունը բացակայում է։ 

Ընդ որում, նախագծի հեղինակների խոսքով, գեղագիտական այդ ձևերի սկզբունքներն ու չափորոշիչները կարևոր են թե պետության՝ միջազգային և արտաքին հարթակներում ներկայացման տեսանկյունից՝ մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության տաղավարները տարբեր միջազգային ցուցահանդեսներում և հարթակներում, պետության արարողակարգային ներկայացումը տարբեր միջավայրերում, այնպես էլ հանրային կյանքի կազմակերպման տեսանկյունից, որտեղ պետականության զգացողության ամրապնդումը քաղաքացիների շրջանում անկյունաքարային նշանակություն ունի։ 

Նախագծի հակիրճ բնութագրում նաև այսպիսի մի նիկոլական տաֆտալոգիայով հագեցած ձևակերպում կա․ «Իրական Հայաստանի գեղագիտության հիմնական մոցումը կարելի է ձևակերպել հետևյալ կերպ՝ հայացք դեպի ներս, որ օգնում է արդյունավետ հարաբերվել դրսի հետ»։ 

ԿԳՄՍՆ-ում կարծում են, որ Հայաստանի Հանրապետության պետականության զարգացումը ենթադրում է ոչ միայն իրավական, օրենսդրական, տնտեսական բաղադրիչների զարգացում, այլ նաև Հայաստանի Հանրապետության պետականության զարգացմանը նպաստող գեղագիտական ձևերի խրախուսում և աջակցություն, որոնք գալիս են լրացնելու և ամրապնդելու պետական և հանրային կյանքի մյուս բաղադրիչները՝ ամրապնդելով քաղաքացիական գիտակցությունը, պետությանը պատկանելության զգացողությունը, Հայաստանի Հանրապետության գեղագիտական ներկայությունը հանրային կյանքում։

Ընդ որում, գեղագիտական այդ ձևերի համար սկզբունքների և չափորոշիչների սահմանումը անհրաժեշտ է նաև սեփական երկրի ճանաչողության տեսանկյունից՝ որպես առաջին հերթին սեփական ներկայի ճանաչողություն։

Մինչդեռ, ըստ ԿԳՄՍ նախարարության, ներկայումս առկա չէ Հայաստանի Հանրապետության պետականության զարգացմանը նպաստող գեղագիտության տեղորոշման և դրա հետագա աջակցության որևէ համակարգված մոտեցում։ Պետության կողմից գործող տարբեր ծրագրերն ու աջակցության մեխանիզմները, հետևաբար իմաստավորված չեն Հայաստանի Հանրապետության տեսանկյունից, ձեռնարկվող քայլերն առավելապես ունեն առանձին միջոցառումների և ծրագրերի բնույթ, ինչը կարող է առաջ բերել հակասական ուղերձներ, երբեմն՝ հակոտնյա իրողություններ, ինչը ազդում է թե երկրի ներսում քաղաքացիների ընկալումների վրա, թե միջազգային հարթակներում Հայաստանի Հանրապետության ներկայացման վրա։

Այ դրա համար էլ որոշել են Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության հայեցակարգ ընդունել, որով ակնկալում են ունենալ Հայաստանի Հանրապետության պետականության զարգացմանը նպաստող գեղագիտական սահմանված սկզբունքներ և չափորոշիչներ, որոնք հնարավոր կդարձնեն այդ ուղղությամբ բովանդակության հետագա խրախուսումն ու աջակցությունը պետական քաղաքականության տարբեր գործիքակազմերով։ 

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում այս նախագծին այս պահի դրությամբ կողմ է քվեարկել 224, դեմ՝ 70 մասնակից։

Վահե Մակարյան

Send