Երեկ լրագրող Սյուզի Բադոյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակեց մի տեղեկատվություն, ըստ որի՝ Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանի հրահանգով մի խումբ անձինք դաժան ծեծի են ենթարկել Կադաստրի կոմիտեի նախկին աշխատակցի ամուսնուն։ Պատճառը եղել է այն, որ տվյալ տղամարդը հեռախոսով հայհոյանքներ է հնչեցրել Սուրեն Թովմասյանի հասցեին, թե ինչու է համարձակվել իր կնոջը՝ Վերոնիկա Միքայելյանին, ազատել աշխատանքից։
Ավելի ուշ հրապարակվեց նաև հարցազրույց այդ կնոջ հետ, որը պատմեց, որ իր ամուսնուն առևանգել են, տարել ինչ-որ տեղ, իջեցրել մեքենայից և ծեծել։ Կինը խոստովանում է, որ ամուսինը հայհոյել է Թովմասյանին, ինչի համար էլ նրան ծեծել են։ Ապա արդարանում է․ «Բա ինձ աշխատանքից ազատել ա, իրան աշխատանքից ազատել ա, բա չասի՞, բա նյարդայնացած ա, մարդ ա, մի բան էլ ասել ա, է՞դ էլ չասի։ Ու դրա համար իրան գողացել են, առևանգել են ու վրեժ են լուծել՝ վենդետտա են արել»։
Սուրեն Թովմասյանին քննադատելուց ու նրան իր ամուսնու ծեծի մեջ մեղադրելուց հետո, հարցազրույցի վերջում, կինը ցույց է տալիս իր հավատն առ Նիկոլ Փաշինյան՝ հայտարարելով․ «Ես հավատում եմ, որ մեր հարգարժան վարչապետը էդ տականքների համապատասխան պատիժը տալու է»։
Ընդ որում, այդ հարգարժանը նա սրտանց էր ասում «մեծարգո վարչապետի» հասցեին։ Կինը նաև իր շնորհակալությունը հայտնեց ՆԳՆ ոստիկանությանը՝ իր զանգին արագ արձագանքելու համար։
Իսկ ի՞նչ է, իրականում, տեղի ունեցել։ MediaHub-ին ասացին, որ «հարգարժան վարչապետի» արդարադատությանը սրտանց հավատացող տիկնոջ ամուսինը՝ Արթուր անունով, ժամանակին աշխատել է Կադաստրի կոմիտեում՝ սպասարկման գրասենյակներից մեկում, և աշխատանքից ազատվել է իր գրասենյակ այցելած քաղաքացուն քաշքշելու, նրա նկատմամբ բռնություն կիրառելու համար։ Նրան հեռացրել են, երբ քաղաքացու հետ միջադեպով բողոք է եղել իր դեմ, տեսախցիկներով նայել են, տեսել են, որ իսկապես հարձակվել է քաղաքացու վրա, քաշքշել նրան, ինչից հետո նրան հեռացրել են աշխատանքից։ Դրանից հետո Կադաստրում աշխատանքի է անցել արդեն նրա կինը, որը քաղծառայող է եղել։ Մենք տեղեկացանք, որ վեց ամսվա ընթացքում նա երկու անգամ խիստ նկատողություն է ստացել, և իր բաժնի վրա էլ ծառայողական քննություն է բացված եղել, և այդ նկատողությունների հիմքով վերջինս ազատվել է աշխատանքից։
Դրանից հետո այդ կնոջ ամուսինը զանգահարել, ապա ձայնային հաղորդագրություն է ուղարկել Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանին՝ հաշիվ պահանջելով կնոջը աշխատանքից ազատելու համար։ Մեզ ասացին՝ ձայնայինով ամենավերջին հայհոյանքներն է հնչեցրել Թովմասյանի, նրա ընտանիքի հասցեին, ինչից հետո էլ նրան, ըստ տիկնոջ հայտարարության, առևանգել են և ծեծի ենթարկել՝ այդկերպ պատժելով Թովմասյանի հասցեին հնչեցրած հայհոյանքների համար։ Այսինքն՝ եղել է ընդամենը տղամարդկային վրեժխնդրություն, քանի որ տվյալ կնոջ ամուսինը մտել է անձնական դաշտ և կպել Սուրեն Թովմասյանի անձին, ընտանիքին, որն էլ դարձել է տղամարդուն այդ կերպ պատժելու առիթ։ Ի դեպ, Սուրեն Թովմասյանին ճանաչողները զարմացած են, թե ինչ աստիճանի են հասցրել նրան, որ վերջինս որոշել է այդ ճանապարհով հարցը լուծել, քանզի Թովմասյանը մշտապես աչքի է ընկել համեստ, պարկեշտ կեցվածքով, ինչը չես ասի այս կառավարության շատ անդամների մասին։
MediaHub-ը փորձեց կապ հաստատել Սուրեն Թովմասյանի հետ՝ լսելու նրա մեկնաբանությունը, սակայն նա մեր զանգերին և նամակներին այդպես էլ չպատասխանեց։ Կադաստրի կոմիտեից ևս լուռ են, միայն մի կես բերան հերքել են տեղեկատվությունը, թե ծեծին մասնակից է եղել անձամբ Թովմասյանը։ Բայց ամբողջությամբ միջադեպը չեն հերքում։
Քննչական կոմիտեից հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը) և 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից մարդուն առևանգելը)։ Կատարվում է նախաքննություն։
Վահե Մակարյան