Մեր տեղեկություններով` Ջրային կոմիտեն նոր նախագահ կունենա: Հիշեցնենք, նախկին նախագահ Կարեն Սեդրակյանին, որը Գագիկ Ջհանգիրյանի փեսան է, պաշտոնից ազատեցին սեպտեմբերի 11-ին: Մինչ այդ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը Կոմիտեի նոր նախագահի փնտրտուքի մեջ էր:
MediaHub-ի տեղեկություններով` Ջրային կոմիտեի նախագահի թեկնածու արդեն գտել են, նա Արամազդ Ղալամքարյանն է`մասնագիտությամբ տնտեսագետ: Վերջինս աշխատել է Վորլդ Վիժընի հայաստանյան գրասենյակում, ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Հայէկոնոմբանկում», բայց ամենաուշագրավը` եղել է Նիկոլ Փաշինյանի հիմնադրած «Հայկական ժամանակ» օրաթերթի հրատարակիչը: Հիմա էլ ուզում է դառնալ Ջրային կոմիտեի նախագահ:
Թեպետ` զարմանալու բան չկա, քանզի եթե նույն «Հայկական ժամանակի» խմբագիրը կարող է դառնալ երկրի ղեկավար, հրատարակիչն էլ կարող է նշանակվել Ջրային կոմիտեի նախագահ:
Մենք տեղեկացանք, որ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ղալամքարյանի թեկնածության միջնորդությունն արդեն ներկայացրել է Նիկոլ Փաշինյանին, որ վերջինս ստորագրի նշանակումը, ինչն էլ շուտով կլինի:
Վահե Մակարյան
