Երևանը ապտակեց Նիկոլ Փաշինյանին․ Զոհրաբյան 

Երևանը ապտակեց Նիկոլ Փաշինյանին․ Զոհրաբյան 

Երևանի ավագանու մանդատ ստացած ընդդիմադիր երեք ուժերը կարող են քաղաքապետ ընտրել, եթե Հայկ Մարությանի «Ազգային առաջընթացը», Վարդան Ղուկասյանի «Հանրային ձայնը» և Անդրանիկ Թևանյանի «Մայր Հայաստանը» գան քաղաքական կոնսենսուսի: Վերջին իրադարձությունները MediaHub-ի հետ զրույցում մեկնաբանեց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ 

«Այս ընտրությունը Նիկոլ Փաշինյանի քաղաքական վախճանն էր: Եվ նույնիսկ եթե այսօր, ինչպես արդեն տեղեկացել ենք, որ ՔՊ-ն դիմել է բազմաթիվ ընտրատեղամասեր բացելու և վստահ եմ՝ 236 քվեաթերթիկ իրենք կկեղծեն և կընտրեն քաղաքապետ, միևնույն է՝ Նիկոլ Փաշինյանը այլևս լեգիտիմ չի։ Սա ոչ թե Ավինյանի ընտրությունն է, սա Նիկոլ Փաշինյանի վստահության հանրաքվեն էր։ Ինչ ուզում է անեն, ուզում է այլ ընդդիմադիր դաշինքներից մարդ գողանան և այդ մեկ ձայնը ապահովեն, միևնույն է սա Նիկոլ Փաշինյանի վերջն է քաղաքական առումով»,- նշեց մեր զրուցակիցը։ 

Զոհրաբյանի խոսքով ՝ Նիկոլ Փաշինյանը քաջ գիտակցում է այդ ամենը և շատ արագ հեռացվելու է ժողովրդի կողմից, հենց այն նույն ժողովրդի, ով իրեն բերեց իշխանության: Զոհրաբյանը շեշտեց՝ դա շատ արագ ժամկետում է տեղի ունենալու։

«Կարծում եմ` խոսքը շաբաթների կամ առավելագույնը մի քանի ամսվա մասին է, քանի որ չի կարող այսքան նվազագույն լեգիտիմություն ունեցող մարդը մնալ իշխանության»։ 

Նախկին պատգամավորը կրկնեց՝ Երևանը, որտեղ կենտրոնացած է ընտրական հիմնական էլեկտորատը, ապտակեց Նիկոլ Փաշինյանին, քանի որ ընտրողների ցուցակում ներգրավված անձանց 9%-ն է միայն ձայն տվել իշխող քաղաքական ուժին, դրանով ասելով, որ «դու մեր ճակատագիրը որոշելու մանդատ այլևս չունես, դու Հայաստանի և մեր անունից բանակցելու, Արցախի վերաբերյալ որևէ որոշում կայացնելու, ինչ-որ թղթեր ստորագրելու մանդատ այլևս չունես»:

«Երեկ կապի մեջ եմ եղել իմ ռուս և արևմտյան գործընկերների հետ, իրենց համար շոկային էին արդյունքները և ես զարմանում եմ, որովհետև ինձ թվում էր թե՛ ռուսական, թե՛ արևմտյան կառույցները պարբերաբար պետք է անցկացնեին սոցիոլոգիական հարցումներ, և շոկային չպիտի լիներ իրենց արձագանքը Նիկոլ Փաշինյանի այդքան ցածր լեգիտիմության շեմին: Իսկ այդ ամենը նշանակում է, որ եթե նախկինում ցանկածաց խնդիր, որը Փաշինյանը բարձրացնում էր և երկու կողմերն էլ հղում էին անում նրա բացարձակ լեգիտիմությանը, այս ընտրություններից հետո արդեն այս վիճակը նշանակում է, որ այն վերջին տախտակը, որի վրա հենվում էր Նիկոլ Փաշինյանը, ասելով, թե ինչ անում է, լավ է անում, որովհետև ունի ժողովրդի կողմից իրեն տրված մուրճը, նա այլևս այդպես չի կարող ասել: Եվ միջազգային հանրությունն էլ, աշխարհքաղաքական խոշոր կենտրոններն էլ հասկանում են, որ նա այլևս իրավունք չունի խոսել Հայաստանի անունից և բանակցելու Հայաստանի անունից»,- շեշտեց Զոհրաբյանը։ 

Նա վստահություն հայտնեց, որ Փաշինյանն այնքան փոքր ու պստլիկ բռնապետ է, որ այդ 236 ձայնը կեղծելու է: Չգիտի՝ արդյոք ընդդիմությունը կկարողանա պատշաճ վերահսկողություն ապահովել բոլոր ընտրատեղամասերում, բայց.

«Եթե նույնիսկ առաջին նիստը կայանա և ընտրվի քաղաքապետ, միևնույն է Նիկոլ Փաշինյանի հեռանալու ժամանակացույցը միացված է»,- շեշտեց Զոհրաբյանը։ 

Անդրադառնալով ընդդիմադիր եռյակի հնարավոր համագործակցությանը, մեր զրուցակիցը նշեց, որ իրենց շատ արժանապատիվ են պահել «Մայր Հայաստանը» և Վարդան Ղուկասյանի «Հանրային ձայնը», ասելով, որ պատրաստ են ցանկացած ադեկվատ համագործակցության և այս ամենից հետո հասկանալի չի Հայկ Մարությանի պահվածքը։ 

«Եթե այս ամենը համաձայնեցված խաղ է Նիկոլ Փաշինյանի հետ, ապա Հայկ Մարությանը կրելու է պատասխանատվություն հայկական դատավարությունում դավաճանության իր բաժնի համար: Նա շանս ուներ իր ճակատից մաքրելու հասարակությանը սև ու սպիտակի բաժանելու խարանը, իսկ եթե Նիկոլի հետ պայմանավորված չէ և այս ամենը մեծամտական նարցիսիզմ է և անառողջ ինքնավստահություն, ապա քաղաքական գործչի համար դա շատ վատ հատկություն է, քանի որ վերջինս պետք է լինի ճկուն: Փաստորեն Հայկ Մարությանից քաղաքական գործիչ չստացվեց»,- եզրափակեց խոսքը Նաիրա Զոհրաբյանը։

Մարիա Զարգարյան