Իշխանությունը նոր ընտրության չի գնա

Իշխանությունը նոր ընտրության չի գնա

Երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարություն էր տարածել, որ շարունակում է աշխատել. նոր ընտրությունների կամ այլ ռադիկալ քայլերի մասին ոչ մի հայտարարություն չի եղել։ Այսինքն, գնում ենք ըստ ընթացակարգի։ Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Լուսինե Գևորգյանը։

«Մենք գնում ենք այնպես, ինչպես օրենքն է թելադրում։ Այս պահին ոչ մի այլ բան չենք նախատեսում»,-ասաց Գևորգյանը։

Ճշտող հարցին՝ նոր ընտրություն չի՞ լինի, վերջինս պատասխանեց․

«Ես անկուսակցական եմ և կուսակցության որոշումներին չեմ մասնակցում, բայց դատելով երեկվա հայտարարությունից՝ ոչ, նոր ընտրություն չի սպասվում»։

Հիշեցնենք, որ Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստը հոկտեմբերին է, որի ընթացքում էլ նոր քաղաքապետ կընտրվի։

Ընդգծենք, որ Երևանի համայնքային վերջին ընտրությունը շատերի համար անակնկալ էր, քանի որ որևէ ուժ ընտրողների ձայների մեծամասնություն չի կազմել։ Անցողիկ շեմը հաղթահարած հինգ ուժերից դեռ ոչ մեկը կոալիցիայի գնալու մասին հստակ որոշում չունի։

 

Լիաննա Թորոսյան