Հայկոյի «կարգին» խաղերը 

Հայկոյի «կարգին» խաղերը 

Երևանի ավագանու մանդատ ստացած ընդդիմադիր երեք ուժերը կարող են քաղաքապետ ընտրել, եթե Հայկ Մարությանի «Ազգային առաջընթացը», Վարդան Ղուկասյանի «Հանրային ձայնը» և Անդրանիկ Թևանյանի «Մայր Հայաստանը» գան քաղաքական կոնսենսուսի:

Վերջին երկուսի պարագայում՝ ամեն ինչ հստակ է՝ նրանք առաջարկում են գրավոր համաձայնություն, որը կներառի թե՛ քաղաքապետի ընտրության և թե՛ ամբողջական իշխանափոխության հարցերը: Ընդ որում, այդ պարագայում Թևանյանն ու Ղուկասյանը պատրաստ են համաձայնության գալ Մարությանի թեկնածության շուրջ:

Սակայն առավել քան տարակուսելի է Մարությանի դիրքորոշումը: «... Մենք առաջարկում ենք, որ առաջադրենք քաղաքապետի թեկնածու և մնացած ուժերը, առանց որևէ կոալիցիա կազմելու, առանց որևիցե ստվերային պայմանավորվածությունների ու նախապայմանների գան և քվեարկեն այս թեկնածուի համար... Եթե ես ստանձնեմ քաղաքապետի աշխատանքը, մնացած ուժերը դառնում են ընդդիմություն և սկսում ենք աշխատանքները:

Երկրորդ տարբերակը գնալ նոր քաղաքային ընտրությունների և թող ժողովուրդը որոշի»,- ֆեյսբուքյան իր ուղիղ եթերում հայտարարել է Հայկ Մարությանը:

Սա շատ խոցելի առաջարկություն է բոլոր առումներով:

Նախ, Մարությանը պատկերացում չունի Երևանի կառավարման համակարգի առանձնահատկությունների մասին: Ինչպե՞ս կարող է քաղաքապետն արդյունավետ աշխատել, եթե բոլոր մյուս խմբակցություններն ընդդիմադիր են: Գոնե իր նախկին փորձը պետք է դաս լիներ Մարությանի համար:

Երկրորդ, եթե Մարությանը կողմ չէ երկրում ամբողջական իշխանափոխությանն, ի՞նչ մոտիվով նրա թեկնածությունը պետք է պաշտպանեն մյուս երկու ընդդիմադիր ուժերը:

Եվ վերջապես՝ նոր ընտրությունների առաջարկը նվեր է Փաշինյանի համար, ով կարող է «փրկել իր դեմքը»:
Հայկոյի «կարգին խաղերը» կործանվող Փաշինյանի վերջին փրկօղակն են: 

Վահրամ Բագրատյան