Լավրովի «բացահայտումը»

Լավրովի «բացահայտումը»

Ղարաբաղի ներկայացուցիչներն օրերս Լաչինի հարցով հանդիպել են Ադրբեջանի ներկայացուցիչների հետ՝ ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատար Ա․ Վոլկովի մասնակցությամբ, նախօրեին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը։

Հիշեցնելով, որ ինքը նաև հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանցի գործընկերոջ հետ, Սերգեյ Լավրովը պնդել է, թե ճանապարհի բացման հարցը շուտով կլուծվի։

Առհասարակ, հունվարի 18-ը Լաչինի ճգնաժամի պատմության մեջ ուշագրավ ամսաթիվ է, որովհետև միջանցքի բացման անհրաժեշտության մասին հայտարարություններ հնչեցին ոչ միայն Մոսկվայից, այլ նաև՝ Բրյուսելից ու Վաշինգտոնից, ընդ որում՝ բավականին բարձր մակարդակով:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ, ընդգծել է Լաչինի միջանցքի անխափան գործունեության կարևորությունը և նշել ԱՄՆ պատրաստակամությունը՝ շարունակելու նպաստել այդ խնդրի լուծմանը:

Նույն օրը Եվրախորհրդարանը Լաչինի միջանցքի հարցով բանաձև է ընդունել, որը Ադրբեջանին կոչ է անում անհապաղ բացել Արցախն աշխարհի հետ կապող միակ ճանապարհը և ձեռնպահ մնալ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև տրանսպորտային, էներգետիկ և հաղորդակցական կապերը խափանելու գործելակերպից։

Թվում է՝ Բաքվի վրա միջազգային բավականին ուժեղ ճնշում կա, իհարկե՝ այդ ճնշումը կոնսոլիդացված չէ, բայց աշխարհաքաղաքական կենտրոններից հնչած հայտարարությունները բավականին միանշանակ են:

Սակայն Բաքուն դեռ անդրդվելի է ու միջանցքը տակավին չի բացում: Ավելին, այդ երկրի ԱԳ փոխնախարարն անգամ փորձում է լեգիտիմացնել Բաքվի ագրեսիվ օրակարգը:

Անդրադառնալով Լաչինի միջանցքի հարցին՝ փոխնախարար Խալաֆովը հայտարարել է․

«Որպես իր տարածքների անվտանգության երաշխավոր Ադրբեջանը իրավունք ունի լիարժեք վերահսկողություն սահմանել Լաչին-Խանքենդի ճանապարհին՝ մեր ինքնիշխան իրավունքներին համապատասխան»։

Բաքվի պաշտոնյայի խոսքերից ակնհայտ է դառնում, որ եթե անգամ Լաչինի միջանցքը բացվի, ապա այլևս չի գործելու այն ստատուս-քվոն, որը կար մինչև անցած տարվա դեկտեմբերի 12-ը:
Եթե Լավրովի «բացահայտումը» չլիներ, թերևս՝ Ստեփանակերտում չէին հաստատի, որ գեներալ Վոլկովի միջնորդությամբ հանդիպում է տեղի ունեցել ադրբեջանական կողմի հետ: Հիմա հաստատում են հանդիպման, բայց՝ ոչ պայմանավորվածությունների փաստը:
Երբ ժողովրդի հետ անկեղծ չեն լինում, պաշտոնական խոսքը դադարում է արժանահավատ լինել:
Ինչև, Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ՝ Արցախը կանգնեցնելով հումանիտար աղետի շեմին:

Վահրամ Բագրատյան