Ինչո՞ւ Փաշինյանը չմեկնեց Դավոս. Ալիևի «բացահայտումները»

Ինչո՞ւ Փաշինյանը չմեկնեց Դավոս. Ալիևի «բացահայտումները»

Մոտավորապես պարզ է, թե ինչու էր Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին վերջերս այցելել Երևան. պաշտոնական Թբիլիսին մտադիր է որոշակի միջնորդություն ունենալ հայ- ադրբեջանական հարաբերություններում:

Այս թեմայով որոշակի բացահայտումներ արեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Դավոսի միջազգային համաժողովում:

«Հանձնակատար Հանն ակնարկեց Հայաստանի բացակայության մասին՝ ասելով, թե այստեղ հարավկոկասյան երկու պետություններ կան, բայց իրականում դրանք առնվազն երեքն են։ Ես գիտեմ՝ ում նա նկատի ունի։ Բայց Հայաստանի բացակայության պատճառն այն է, որ Երևանը մերժել է մեր և Վրաստանի՝ համագործակցության եռակողմ ֆորմատ ձևավորելու առաջարկը։ Ես բարձր եմ գանահատում իմ բարեկամ Իրակլի Ղարիբաշվիլիի կողմից ձեռնարկված ջանքերը։ Մեր առաջարկությունն էր Վրատանում նաև երեք երկրների առաջնորդների հանդիպում կազմակերպել, ի վերջո Վրաստանն այն տեղն է, որտեղ հարևաններն ավանդաբար հանդիպում էին։ Հայաստանը, սակայն, դրան պատրաստ չէ»,- Դավոսում հայտարարել է Ադրբեջանի նախագահը:

Նրա կողքին նստած վարչապետն, ըստ էության, չի հերքել Ալիևին: 

«Վրաստանը իրապես չեզոք, անկողմնակալ, անաչառ միջնորդ է։ Նախագահ Ալիևը հիշատակեց մեր կողմից կազմակերպված հանդիպման մասին։ Դա մեր շահերից էր բխում քանի որ այս տարածաշրջանը մեզ է պատկանում՝ Ադրբեջանին, Վրաստանին, Հայաստանին և մենք կարող ենք այս տարածաշրջանը վերածել հնարավորությունների, խաղաղության և բարգավաճման տարածաշրջանի»,- ասել է նա:

Ընդ որում, Հայաստանին բանակցային գործընթացից «փախչելու» մեջ մեղադրում է նաև Ադրբեջանի ԱԳ նախարարը: «Մենք պատրաստ ենք որքան հնարավոր է շուտ անցկացնել Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հետաձգված եռակողմ հանդիպումը, հիմա ամեն ինչ կախված է հակառակ կողմից»։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել է ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։ 

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ուշացած հակադարձում է, թե «Երևանը հետևում է միջազգային հանրության հորդորներին և պատրաստ է ավելի ինտենսիվ բանակցել»:
Իհարկե, այս հակադարձումը պակաս համոզիչ է թվում, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ պաշտոնական Երևանն անցած դեկտեմբերին նախ մերժեց Բրյուսելի հանդիպումը՝ պատճառաբանելով, թե Ադրբեջանն «արգելափակել» է դրան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությունը, այնուհետև Մոսկվայի բանակցությունները՝ Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով:

Այս պահին հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններն ընթանում են Միացյալ Նահանգների միջնորդությամբ, հայտարարում է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, իշխանական «Քաղաքացիական պայմանագրից» Սարգիս Խանդանյանը։ Պատգամավորն ասում է՝ պայմանագրի տեքստի տարբերակը ԱՄՆ-ում է ներկայացվել։

Եթե նույնիսկ այս պնդումը ճշմարտություն է, պաշտոնական Երևանը պարզաբանումներ ներկայացնելու խնդիր ունի՝ ի՞նչ դիրքորոշում ունեն Փաշինյանն ու նրա թիմը ԼՂ հեռանկարի մասին, մանավանդ, որ կարգավորման արևմտյան տարբերակը ենթադրում է Ադրբեջանի սուվերենիտետ Արցախի նկատմամբ:

Վահրամ Բագրատյան